Զինծառայող Արման Լազգիյանին արտերկիր տեղափոխելն անհնար է, սակայն ծնողները հակառակն են ցանկանում
ՀասարակությունԱպրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ վիրավորված զինծառայողներից Արման Լազգիյանին արտերկիր տեղափոխելն այս պահին անհնար է և վտանգավոր: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
«Երեկ երեկոյան ևս ծնողների հետ քննարկել ենք տեղափոխման խնդիրները: Ես նորից պնդել եմ, որ այս պահին տեղափոխումն անհնար է և վտանգավոր, առավել ևս իրականացված վիրահատությունից հետո վրա հասած բարդությունների պարագայում:
Սակայն նրանք շատ հստակ են իրենց որոշման մեջ, կարծում եմ, մենք պետք է ուղղակի իրենց օժանդակենք, փորձենք աջակցել նրանց իրենց ընտրած հիվանդանոցին մեթոդաբանական, թղթաբանական, լոգիստիկ տվյալների տրամադրման հարցում, և իհարկե, բարարների հետ աշխատանքներում:
Նորից խոսել եմ վարչապետի հետ, և մենք պատրաստակամ ենք ու մեր բարոյական պարտքն ենք համարում մշտապես լինել մեր տղաների կողքին»,- ասաց Մուրադյանը:
Մարտական դիրքերում վիրավորված 19-ամյա Արման Լազգիյանը մայիսի 17-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում վիրահատվել է: Տղային կատարվել է ԿՏ հետազոտություն, որի արդյունքում պարզվել է, որ հիվանդի մոտ ձախ պլևրալ խոռոչում (թոքային հատվածում) առկա է հեղուկի որոշ քանակություն: Հեղուկը հեռացնելու նպատակով իրականացվել է ձախ պլևրալ խոռոչի դրենավորում:
Նույն օրը երեկոյան ժամը 23:00-ի սահմաններում հիվանդի մոտ սկսել է ստամոքսաղիքային սուր արյունահոսություն: Կատարվել է գաստրոսկոպիկ հետազոտություն և 12-մատնյա աղիքում հայտնաբերվել է «սթրեսայի ն խոց»: Զինծառայողն անհապաղ վիրահատվել է, կարվել է խոցը, ինչպես նաև կատարվել է պլաստիկ միջամտություն: