Հայաստանը Ճապոնիայից հրշեջ մեքենաների նոր խմբաքանակ կստանա
ՀասարակությունԱռաջիկայում Հայաստանը Ճապոնիայից կստանա հրշեջ մեքենաների նոր խմբաքանակ: Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովում ՀՀ 2015թ. պետական բյուջեի կատարողական հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը՝ պատա սխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի հարցին:
«Ես համաձայն եմ, որ մենք հրշեջ մեքենաների խնդիր ունենք: Ցանկանում եմ տեղեկացնել, որ առաջիկայում մենք Ճապոնիայից նոր հրշեջ մեքենաներ ենք ստանալու: Այս անգամ ստանալու ենք 38 հրշեջ մեքենա: Անցած տարի ևս 28-ը ստացել էինք»,- ասաց Մխիթարյանը:
Նա նաև հավելեց, որ ստացվելիք բոլոր 38 հրշեջ մեքենաները նախատեսված չեն Երևանի համար և տրամադրվելու են մարզերին: