Աշխատակազմում կրճատում անելն ինքնանպատակ չէ. Ա. Ասատրյան
ՀասարակությունՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձավ իրենց գերատեսչությունում իրականացվող օպտիմալացման ծրագրերին:
«Մեր գերատեսչությունում եղել է 145 մեքենա, որոնցից 41-ը կրճատվել են: Իսկ ինչ վերաբերում է աշխատակազմերին, ասեմ, որ աշխատանքը հիմա կառավարության կողմից իրականացվում է փոխվարչապետի ղեկավարությամբ ստեղծված աշխատանքային խմբի շրջանակում եւ խնդիր դրված չէ կրճատում անել պարզապես, կրճատում անելն ինքնանպատակ չէ: Եթե կան բացեր, այդ ուղղությամբ աշխատանքները լուրջ ուսումնասիրություն են պահանջում»,- ասաց նախարարը:
Հարցին` արդյոք հաշվարկված է, թե օպտիմալացման ծրագրի շրջանակներում քանի՞ աշխատող կկրճատվի, Ա. Ասատրյանը պատասխանեց. «Այսօր որեւէ որոշում չկա` կրճատման հետ կապված, որպեսզի մենք կարողանանք այդ ենթադրյալ հարցերի պատասխանները տալ: Մեքենաների դեպքում հնարավոր էր շատ կոնկրետ թվեր ասել, եւ այդ ուղղությամբ աշխատանքների արդյունքները հրապարակվեցին»:
Լրագրողների այն հակադարձմանը, որ փաստորեն կառավարությունում իրականացվում է մի գործընթաց, որի մոտավոր ազդեցությունն անգամ հաշվարկված չէ, նախարարն արձագանքեց հետեւյալ կերպ. «Ես, ճիշտն ասած, հարցադրումը չեմ համարում, որ ճշգրիտ արտահայտում է իրերի դրությունը, որովհետեւ այդ ուղղությամբ աշխատանքները ենթադրում են որոշակի ուսումնասիրություններ, վերլուծություններ»: