Կրթության եւ գիտության նախարարը հորդորում է հնարավորինս համեստ նշել վերջին զանգը
ՀասարակությունԴպրոցները պետք է կարողանան ավելի համեստ եւ բովանդակալից նշել վերջին զանգը:
Այս մասին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով դպրոցներում դրամահավաքների կազմակերպման խնդրին, նշեց ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը:
«Դպրոցների ներսում դրամահավաքներն արգելված են, իսկ ծնողական կոմիտեներին կոչ է արված հավաքել այն նվազագույն գումարը, որն անհրաժեշտ է վերջին զանգը կազմակերպելու համար: Սա նույն գործընթացն է, ինչ Նոր տարվա սեղանների մրցակցությունը. պետք է հնարավորինս համեստ նշել այն»,- ասաց նախարարը:
Վերջերս «Transparency international» հակակոռուպցիոն կենտրոնը հստակ փաստերով դիմել էր ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանին դպրոցներում ապօրինի գործելաոճի դեմ միջոցներ ձեռնարկելու եւ դրանք կանխելու խնդրանքով: Խոսքը, մասնավորապես, կենտրոնի ստացած ահազանգերի մասին էր: Քաղաքացիները բարձրաձայնել էին դպրոցներում դրամահավաքների կազմակերպման, ինչպես նաեւ քննական առարկաները նույն դպրոցի ուսուցիչների մոտ նախապատրաստելու խնդիրների մասին:
Այս առնչությամբ նախարարը հստակեցրեց, որ խնդիրը քննարկվել է հատուկ հանձնաժողովում, իսկ նշված դպրոցներից մեկի աշակերտներն էլ տեղեկացրել են, որ այդ դպրոցի տնօրինությունը կապ չունի այդ դրամահավաքի հետ, այն կազմակերպվել է աշակերտների ցանկությամբ: