Աթեշյանը չի գա Հայաստան
ՀասարակությունԱյսօր տեղեկություն տարածվեց, որ Պոլսի Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի այցը Հայաստան չեղյալ է հայտարարվել: Մինչ այդ տեղեկություններ էին շրջանառվում, որ Աթեշյանը ոչ թե Թուրքիայից Հայաստան կժամանի, այլ Ռուսաստանից: Դրան հաջորդեց տեղեկությունը, որ ապահովության համար ընտրվել է Մոսկվա-Թբիլիսի օդանավով, ապա՝ Թբիլիսի-Երևան մեքենայով ժամանելու տարբերակը, բայց մինչ այս պահը շարունակվում էր առկախ մնալ հարցը, թե Աթեշյանը այնուամենայնիվ կհանդգնի՞ գալ Հայաստան, թե՞ ոչ:
Նրա գալ-չգալու մասին տարաբնույթ լուրերը ճշտելու համար Orer.am-ը դիմեց Մայր Աթոռ Սբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Վահրամ քահանա Մելիքյանին: Նա տեղեկացրեց, որ Արամ Աթեշյանը չի գալու Հայաստան:
Անշուշտ, Աթեշյանի Հայաստան կատարելիք այցը չեղյալ հայտարարելը հեշտ որոշում չէր, առավել ևս, որ ողջ հոգևոր դասն ու հոգևոր դասի բարձրաշխարհիկ ղեկավարությունը ստիպված կլինեին տեսնել բավական տխուր տեսարաններ, մասնավորապես, թե ինչպես է Պոլսո Հայոց պատրիարքարանի փոխանորդը նսեմացվում հայոց հողում: Ուստի սա ինչ-որ տեղ կարելի է նաև հայոց հողը նման երեսպաշտներից պաշտպանելու հաջողված փորձ համարել:
Բայց սա, կարծում եմ, դեռ սկիզբն է՝ ի պատասխան այն ստոր քայլի, որը նա թույլ էր տվել՝ ոտնահարելով մի ողջ համայնքի պատիվն ու արժանապատվությունը: Հուսանք, որ Աթեշյան ոչ միայն անունը, այլև տեսակը հետայսու կշարունակի մնալ մերժելի, հակառակ դեպքում այս փոքրիկ, բայց արժեքավոր հաղթանակները կկորցնեն իրենց իմաստը:
Առայժմ կարելի է ենթադրել, որ Հռոմի պապի Հայաստան կատարելիք այցի բոլոր սուր անկյունները չեզոքացած են և բոլոր՝ հոգևոր ու աշխարհիկ դասի ներկայացուցիչները սպասում են պատմական այս իրադարձությանը:
Ա. Գրիգորյան