ՍԴ նախագահը մեղուներ է պահում. Հ.Պապիկյան
ՀասարակությունՄամուլում չեն դադարում տեղեկություններն այն մասին, որոնց համաձայն՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի՝ Գեղաշենում գտնվող առանձնատնից արջը փախել ու գյուղի բնակիչներին է վնասել: Նույնիսկ ասվում է, որ վնասված քաղաքացիներին բուժօգնություն է ցուցաբերվել Աբովյանի հիվանդանոցում, որից հետո նրանց բոլորին դուրս են գրել, այսպես ասած՝ հետքերը մաքրելու համար:
Orer.am-ը փորձեց կապ հաստատել Գեղաշենի գյուղապետ Արմեն Հովհաննիսյանի հետ, սակայն նրա հեռախոսը տևական ժամանակ անհասանելի էր, որի պատճառով էլ հնարավոր չեղավ ճշտել, թե գյուղում կա՞ն արջի հարձակման հետևանքով վնասված մարդիկ, ովքե՞ր են նրանք և այլն:
ՍԴ նախագահի անվանն առնչվող լուրի մասին տեղեկություն ստանալու համար Orer.am-ը դիմեց նաև ՍԴ մամլո քարտուղար Հովհաննես Պապիկյանին: Նա տեղեկացրեց, որ չնայած Գեղաշենում գտնվում է Գագիկ Հարությունյանի հայրական տունը, բայց արջի հետ կապված պատմությունը որևէ կապ չունի ՍԴ նախագահի անվան հետ.
«Դա ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը: Գագիկ Հարությունյանը մեղուներ է պահում, որը վտանգավոր չէ մարդկանց առողջության համար»,- Orer.am-ին տեղեկացրեց Հ. Պապիկյանը:
Արմինե Գրիգորյան