Խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերով քրգործերը ՄԻՊ-ի ուշադրության կենտրոնում են
ՀասարակությունՀայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը նախատեսում է իրականացնել կանխարգելիչ ծրագրեր խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերը բացառելու ուղղությամբ: Ազգային ժողովում ՀՀ 2017թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, անդրադառնալով պատգամավոր Էլինար Վարդանյանի հարցին, Արման Թաթոյանն ընդգծեց, որ երևույթը մտահոգող է, և հարկավոր է անել ամեն ինչ նմանատիպ ցանկացած դեպք բացառելու համար:
«Ես այդ հարցը քննարկել եմ Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովի, պաշտպանության նախարարության հետ: Մենք ունենք կանխարգելիչ մի քանի ծրագրեր, որոնք ցանկանում ենք իրականացնել՝ այդ գործընթացում ներգրավելով նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին: Այդ ծրագրերը ես առաջիկայում կներկայացնեմ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Թաթոյանը:
Նա հավելեց, որ այդ ուղղությամբ լուրջ աշխատանք է տարել նաև Մարդու իրավունքների նախկին պաշտպանը, իսկ ինքը շարունակելու է հետևողական լինել: Արման Թաթոյանը վստահեցրեց, որ ՄԻՊ գրասենյակը իր լիազորությունների շրջանակներում փորձում է հետևողական լինել նաև խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերով հարուցված քրեական գործերի քննության ընթացքին: