Լևոն Ալթունյանն անդրադարձել է առողջապահության նախարարությունում կրճատումների մասին խոսակցություններին
ՀասարակությունՀայաստանի առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն անդրադարձել է նախարարության աշխատակազմում կրճատումներ իրականացնելու մասին խոսակցություններին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նախարարն ընդգծեց, որ բոլոր լավ մասնագետները կշարունակեն աշխատել, իսկ նրանք, ովքեր չեն բավարարելու պահանջներին իրենց մասնագիտական պարտականությունները կատարելու առումով, դուրս կգա աշխատանքից:
Հարցին՝ աշխատակազմի քա՞նի տոկոսն է կրճատվելու, նախարարը պատասխանեց. «Չեմ կարող ասել: Ես նույնիսկ դեռ չեմ որոշել կրճատումների գնալ: Ես ընդամենը պատասխանում եմ ձեր հարցին»:
Դիտարկմանը, թե նախարարության աշխատակիցները դժգոհում են, որ կարող են կորցնել իրենց աշխատանքը, նախարարն ասաց, որ դժգոհություններ չի լսել: «Ես համարում եմ անառողջ այն, որ, օրինակ, բժիշկն աշխատում է որպես ֆինանսիստ: Եթե մենք ֆինանսական ոլորտում կգտնենք բժիշկ, նրան կկրճատենք; Եթե ֆինանսական հաստիքում աշխատում է ֆինանսիստ, նա կմնա աշխատելու»,- ընդգծեց նախարարը:
Լևոն Ալթունյանը նաև հայտնեց, որ իր 8 խորհրդականներից միայն երկուսն են աշխատավարձ ստանում, իսկ մյուսներն աշխատում են հասարակական հիմունքներով: