Բագրատաշենի անցակետի վերազինումը հնարավորություն կտա ավելի արդյունավետ սպասարկել մեծ թվով քաղաքացիների
ՀասարակությունԱզգային անվտանգության խորհրդի քարտուղարության ղեկավար Արամ Թանանյանը կարծում է, որ Բագրատաշենի նորակառույց սահմանային անցակետը նպաստելու է սահմանամերձ գոտու բնակավայրերի զարգացմանը, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգության բարձրացմանը:
«Ներսում կարելի է տեսնել, թե ինչպես են բոլոր ծառայությունները մեկտեղվել, որպեսզի քաղաքացին առանց ավելորդ քաշքշուկների կարողանա իրականացնել բոլոր ձեւակերպումները, իհարկե, նաեւ տնտեսվարող սուբյեկտները՝ հատկապես ոչ խոշոր առեւտրական գործարքներ իրականացնող, քանի որ նպատակներից մեկը հենց միջազգային առեւտրի խթանումն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Արամ Թանանյանի խոսքով՝ նախկինում առկա էին խնդիրներ, որոնք լուծելու բոլոր հնարավորությունները տալիս է արդիականացված անցակետը:
«Իր նախկին ձեւով, չափով, իր հնարավորություններով անցակետը բազմիցս դժգոհություններ էր առաջացնում՝ հատկապես սեզոնային բնույթ կրող, մասնավորապես, երբ մեծ քանակի քաղաքացիների հոսքեր էին լինում ամառային սեզոնին, տնտեսվարող սուբյեկտների կողմից ավելորդ քաշքշուկներ, ուշացումներ: Հիմա այս լայն, ընդարձակ տարածքները նույնիսկ շատ ավելի մեծ հնարավորություններ են տալիս, քան մենք կարող ենք այս պահին օգտագործել»,-եզրափակեց Արամ Թանանյանը:
Նոյեմբերի 4-ին շահագործման հանձնվեցին Բագրատաշենի եւ Գոգավանի անցակետերը:
«ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա», «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագիրը մեկնարկել է դեռեւս 2010 թվականին ՀՀ սահմանային անվտանգության եւ պետական սահմանի համալիր կառավարման ռազմավարություն հաստատելու մասին ՀՀ նախագահի կարգադրությամբ, որին հաջորդել է 2011 թվականին այդ ռազմավարության իրականացմանն ուղղված 2011-2015 թվականների միջոցառումների ծրագրի հաստատումը:
Ծրագրով նախատեսվել էր նախ եւ առաջ կազմակերպել «Բագրատաշեն», «Բավրա», «Գոգավան» անցման կետերի արդիականացումը: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 52.13 մլն եվրո: