Հայաստանում բազմաբնակարան շենքերի քանակը մեկ տարվա ընթացքում ավելացել է 89 միավորով
ՀասարակությունՀանրապետության բազմաբնակարանային շենքերի բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսը 2015թ. վերջին կազմել է 27 մլն 634.4 հազ. քառ. մ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, այդ թվում քաղաքային համայնքներում՝ 25 մլն 889.5 հազար քմ (93.7%), գյուղական համայնքներում՝ 1 մլն 744.9 հազար քմ (6.3%):
Բազմաբնակարան շենքերի քանակը կազմել է 19 հազար 53 միավոր, բնակարանների քանակը` 434 995 միավոր: 2014 թվականին այն կազմել է` 18 հազար 964, 2013-ին` 18 հազար 974, 2012-ին` 19 հազար 19 իսկ 2011 թվականին`18 հազար 876 միավոր: Բազմաբնակարան շենքերի քանակը 2015 թվականին 2014-ի համեմատ ավելացել է 89-ով:
Բազմաբնակարան շենքերի բնակարանների ընդհանուր մակերեսի տոկոսային բաշխվածությունն ըստ սենյակների ունի հետևյալ պատկերը` երկու սենյականոց` 30%, երեք սենյականոց` 44,2%, չորս սենյականոց` 12,9%, մեկ սենյականոց` 12,9%:
Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսը 2015թ. վերջին կազմել է 14 մլն 860.2 հազ. քմ կամ հանրապետության բազմաբնակարան շենքերի բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսի 53.8%-ը, քաղաքային համայնքների` 57.4%-ը: