Արցախի Նախագահը Վարդան Առաքելյանին հետմահու պարգեւատրել է «Մարտական ծառայություն» մեդալով
ՀասարակությունԱրցախի Նախագահ Բակո Սահակյանը նոեմբերի 13-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված, ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Վարդան Առաքելյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Ինչպես տեղեկացրել էին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, Արցախի պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, նոյեմբերի 13-ի ժամը 02:15-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Վարդան Հովհաննեսի Առաքելյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: