ԿՏԱԿ-ը դպրոցների էլեկտրոնային անձնագրերի քարտեզ է ստեղծել
ՀասարակությունԿրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տնօրեն Արտակ Պողոսյանը ՀՀ ԿԳ նախարարությունում ներկայացրեց իրենց կողմից ստեղծված «Դպրոցների էլեկտրոնային անձնագրերի քարտեզ» կայքը: «Այն աշխատում է օնլայն ռեժիմով, և հանրապետության դպրոցների մասին տեղեկություն փնտրող յուրաքանչյուր մարդ կարող է մուտք գործել կայք և ստանալ անհրաժեշտ ինֆարմացիան: Նախատեսում ենք ցանկում ավելացնել նաև Արցախի դպրոցները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Արտակ Պողոսյանը:
Կայքում դպրոցները դասակարգված են ըստ մարզերի, նշված է պետական են, թե ոչ պետական, միջնակարգ, հիմնական, թե ավագ: Կարելի է նշել ցանկացած դպրոց, որի վրա սեղմելով`բացվում է տվյալ դպրոցի հատուկ անձնագիրը, որտեղ նշված են դպրոցի անվանումը, տնօրենի անունը, աշակերտների թիվը, աղջիկների և տղաների քանակը, դասավանդող ուսուցիչների թիվը և այլ տեղեկություններ:
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրենի խոսքով` դպրոցներում ՏՀՏ կիրառումը ակտիվացնելու նպատակով իրենք տարբեր ծրագրեր են իրականացնելու: «Շուտով կներկայացնենք նաև «Իթվինինգ» ծրագիրը` ներգրավելով բոլոր դպրոցները, որը ենթադրում է դասապրոցեսների արդյունավետ կազմակերպման համար էլեկտրոնային տարբեր գործիքների կիրառում»,- ասաց տնօրենը: