Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր եւ կպչուն ժապավեն. գազալցակայանի ավազակային հարձակման դեպքով քրգործ է հարուցվել
ՀասարակությունԿապանի ավտոգազալցակայանի աշխատակցի նկատմամբ նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նոյեմբերի 13-ին՝ ժամը 04:30-ին, «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Կապանի բնակիչ Մ.Ավանեսյանը:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նա մարմնական վնասվածքն ստացել է նույն օրը՝ աշխատավայրում՝ ավտոգազալցակայանում հարձակման ենթարկվելու հետեւանքով։
Նախնական տվյալներով՝ ժամը 04:00-ի սահմաններում դիմակավորված անձինք, ուրիշի գույքը հափշտակելու նպատակով, մտել են Կապանում գործող ավտոգազալցակայանի տարածք եւ որպես զենք օգտագործվող առարկաներով բռնություն գործադրել աշխատակից Մ.Ավանեսյանի նկատմամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ՝ ծոծրակոսկրի բաց կոտրվածքի, լանջաթաղի սալջարդ վերքի եւ փակ գանգուղեղային վնասվածքի ձեւով։ Հարձակումը նկատել են մյուս աշխատակիցները, ովքեր շտապել են օգնության, եւ առերեւույթ հանցագործություն կատարած անձինք դիմել են փախուստի։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերի հատկանիշներով:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, ինչի արդյունքում հայտնաբերվել են արնանման հետքեր եւ կպչուն ժապավեն։ Հարցաքննվել են մի շարք վկաներ: Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: