ՀՀ քաղաքացիները պետք է իմանան՝ ով ինչ է տարել այս պետությունից, հերիք եղավ. Նիկոլ Փաշինյան
ՀասարակությունԱԺ հերթական քառօրյա նիստում շարունակվում է բանակում փոխհատուցման համակարգն ապահովող հիմնադրամի ստեղծման հարցը:
Նախագծի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որը հայտարարեց, որ կողմ է քվեարկելու դրան, որովհետեւ այն նպաստելու է բանակի մարտունակության բարձրացմանը, զինվորի` հոգեպես հանգստությանը:
Ըստ պատգամավորի՝ ՀՀ քաղաքացիների մեծ մասն արդարացիորեն ըմբոստանում է տվյալ նախագծի դեմ` պահանջելով, որ նախեւառաջ պատժվեն պետությունը թալանողները:
«Այս 1000 դրամները յուրօրինակ տուգանք են ՀՀ քաղաքացիների համար այն բանի համար, որ 25 տարիների ընթացքում չկարողացան ստեղծել էֆեկտիվ պետություն եւ իշխանություններ, որ չեն կարողացել ձեւավորել այնպիսի բյուջե, որը հնարավորություն կտար լուծելու կարեւոր խնդիրները»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, թե բանակի համար կարվում են այնպիսի անորակ սապոգներ, որ հագնելուց քսան րոպե անց քրքրվում են։
«Ո՞վ չգիտի, որ ծնողներն են հոգում իրենց ծառայող երեխայի հագուստի հարցը»,- ասաց պատգամավորը։
Նա հավելեց, որ այսուհետ ՀՀ քաղաքացիները պետք է իմանան, թե բարձր պաշտոններ զբաղեցնողներն այս երկրում ինչ ունեն, ով ինչքան փող ունի բանկերում, ով ինչքան գույք ունի:
Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հանդես գալ նախաձեռնությամբ` ստեղծել խորհրդարանական հանձնաժողով, որը կզբաղվի հենց այդ հարցով: Հանձնաժողովը կստուգի պաշտոնատար անձանց գույքային վիճակը, բանկային հաշիվները, այդ պաշտոնատար անձանց հետ փոխկապակցված անձանց ունեցվածքը:
«ՀՀ քաղաքացիները պետք է իմանան՝ ով ինչ է տարել այս պետությունից, հերիք եղավ: Առանց վենդետաների ու կախաղանների, առանց վրեժխնդրության` ժողովուրդը պետք է որոշի նրանց պատասխանատվության հարցը: Պետք չէ որեւէ մեկին բոմժ սարքել, բայց չպետք է թույլ տալ, որ մեր պետությունը բոմժ դառնա»,- ասաց Փաշինյանը: