ՀՀ դատախազությունում քննարկել են խոշտանգումների դեպքերով քրգործերի արդյունավետությունը
ՀասարակությունՀՀ գլխավոր դատախազության, Մարդու իրավունքների պաշտպանի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները քննարկել են խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեպքերով հարուցված քրեական գործերի քննության արդյունավետությանը վերաբերող հարցեր։ Այս մասին տեղեկացանք ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Ի կատարումն ՀՀ գլխավոր դա տախազությունում 13.10.16թ. հասարակական կազմակերպությունների հետ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության, ՀՀ գլխավոր դատախազությունում այսօր տեղի է ունեցել առաջին աշխատանքային հանդիպումը: Հանդիպմանը մասնակցել են «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների», «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ», «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետը և ՀՀ գլխավոր դատախազությունում ձևավորված խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեպքերով հարուցված քրեական գործերի քննության արդյունավետության խնդիրների ուսումնասիրմամբ զբաղվող աշխատանքային խմբի անդամները:
Հանդիպման մասնակիցները ներկայացրել են քննարկվող հարցի շուրջ իրենց նկատառումները, ուսումնասիրությունները, առաջարկությունները:
Աշխատանքային քննարկման ընթացքում նախանշվել են մեխանիզմներ, որոնց կիրառման հնարավորությունը թույլ կտա կանխել կամ նվազեցնել քննության ընթացքում վատ վերաբերմունքի և խոշտանգումների դեպքերը, ապահովել այդ դեպքերի քննության արդյունավետությունը: Նշվել է, որ քննարկված մեխանիզմների և դրանց կիրառման մեթոդաբանության, համատեղ, բազմակողմ ուսումնասիրման արդյունքում կմշակվեն գործնական կիրառման հստակ մեխանիզմներ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցության արդյունավետության նպատակով աշխատանքային հանդիպումները դարձնել պարբեր ական:
Հասարակական կազմակերպությունների հետ՝ կախված դրանց գործունեության ոլորտներից, աշխատանքային հանդիպումները ՀՀ գլխավոր դատախազությունում կլինեն շարունակական»: