Սեւանա լճի ափամերձ եւ ջրածածկման ենթակա անտառները մաքրվում են ծառերից եւ թփերից
ՀասարակությունՍեւանա լճի մակարդակի բարձրացման հետեւանքով ջրածածկման վտանգի տակ հայտնված անտառային տարածքները շարունակվում են մաքրվել ծառերից, արմատներից, թփերից, բուսական այլ համակցություններից: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրեց մաքրման աշխատանքներն իրականացնող «Ճամբարակի ՃՇՇՁ» ընկերության տնօրեն Արարատ Քոչարյանը, այս տարի պետբյուջեից հատկացված 122 միլիոն 839 հազար դրամի հաշվին նախատեսված էր մաքրման աշխատանքներ իրականացնել Սեւանի ափամերձ անտառներում՝ Նորատուսի եւ Գավառի հատվածներում՝ 93,73 հեկտար տարածքներում: Աշխատանքներն ընթացել են ջրում, ճահիճներում եւ ցամաքում:
Նոյեմբերի 16-ի դրությամբ հաջողվել է մաքրման աշխատանքներն ամբողջությամբ ավարտել շուրջ 73 հեկտարի վրա: Տնօրենի հավաստմամբ՝ մնացած 22 հեկտարը հնարավոր կլինի ավարտել 1 ամսվա ընթացքում՝ մինչեւ դեկտեմբերի կեսերը: «Ջրի մեջ աշխատանքներն ավարտել ենք ամբողջությամբ, հիմնական անելիքները մնում են ցամաքում, մասամբ՝ ճահիճներում: 7 հեկտար տարածք մնում է մաքրել Գավառի, 15 հեկտար տարածք՝ Նորատուսի հատվածներում: Այժմ մաքրման աշխատանքներում ընդգրկված են 3 բուլդոզեր, 3 էքսկավատոր, ջախը, արմատները եւ փայտանյութը տեղափոխող 4 մեքենա, 17 մեխանիզատոր ու բան վոր: Աշխատանքները շարունակվում են ամբողջ թափով, արվելու է հնարավորը, որպեսզի այս տարվա ընթացքում հասցնենք ավարտել մնացած տարածքների մաքրումը»,-ասաց Արարատ Քոչարյանը:
Խոսրով Խլղաթյան