Ֆինանսների նախարարը մանրամասնել է այն գործոնները, որոնք թույլ են տալիս ակնկալելու տնտեսական աճ
ՀասարակությունՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրել է «ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: Նա ներկայացրել է նախագծի հիմքում դրված հիմնարար սկզբունքները, որոնք են՝ նախատեսվող մակրոտնտեսական քաղաքականությանը համահունչ հարկաբյուջետային ցուցանիշների նախագծումը, մակրոտնտեսական կայունության ապահովումը, հարկային եկամուտների հավաքագրման նպատակով տնտեսվարողների վրա լրացուցիչ քայլերի եւ ճնշումների բացառումը, պետության ստանձնած եւ շարունակական բնույթ ունեցող ծախսային պարտավորությունների կատարումը:
Նախարարը ներկայացրել է մակրոտնտեսական շրջանակը՝ նշելով, որ 2017 թվականի համար կանխատեսվում է 3.2 տոկոս տնտեսական իրական աճ եւ դեֆլյատորի 1.7 տոկոս մակարդակ: Պարոն Արամյանը մանրամասնել է այն արտաքին եւ ներքին գործոնները, որոնք թույլ են տալիս ակնկալելու տնտեսական աճ: 2017 թվականին կանխատեսվում է արտահանման առաջանցիկ տեմպ ներմուծման աճի նկատմամբ:
2017 թվականին բյուջեի եկամուտները եւ պաշտոնական տրանսֆերտները ՀՆԱ-ի մեջ կլինեն 22.4 տոկոս, բյուջեի պակասուրդը կկազմի 150 մլրդ դրամ, 2017 թվականին եւս եկամուտների հիմնական մասը կկազմեն հարկային եկամուտները:
Այնուհետեւ նախարարը ներկայացրել է բյուջետային հատկացումները՝ ըստ ոլորտների:
ԱԺ պատգամավորները հարցուպատասխանի միջոցով փորձել են պարզել պետական պարտքի աճի տեմպերը, արտահանման ծավալներին, ծրագրով նախատեսված միջոցառումներին, պետական պարտքի չափին, նախատեսվող տնտեսական աճի ցուցանիշին, հարկաբյուջետային ու դրամավարկային քաղաքականությանը, արդյունաբերության զարգացմանը, արտաքին քաղաքականությանը եւ այլն: