ԵԲՀԱ-ն ստորագրեց համագործակցության երկու հուշագիր
Հասարակություն«Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի» գործունեության անբաժան մասն է կազմում համագործակցության եւ փոխըմբռնման հուշագրերի ստորագրումը ազգային եւ միջազգային առողջապահական հասարակական կազմակերպությունների հետ: Փոխըմբռնման եւ համագործակցության հուշագրեր են արդեն ստորագրվել Մեծ Բրիտանիայի հայկական բժշկական ասոցիացիայի, ՌԴ «Երիտասարդ բժիշկների համագործակցության», «Երիտասարդ բժիշկների համաշխարհային կազմակերպության», «Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի», «Հերացի» հիմնադրամի հետ:
Նոյեմբերի 19-ին «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիան» եւ «Բժշկական գեենտիկայի եւ առողջության առաջնային պահպանման կենտրոնը» ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր՝ ուղղված բժշկագիտության զարգացմանը: Հուշագիրը ստորագրել են «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի» նախագահ Գեւորգ Գրիգորյանը եւ «Բժշկական գեենտիկայի եւ առողջության առաջնային պահպանման կենտրոնի» տնօրեն Թամարա Սարգսյանը:
Երկրորդ հուշագիրը ստորագրվեց «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի» ու «Հայաստանի երիտասարդ ակնաբույժների ասոցիացիայի» միջեւ: Հուշագիրը ստորագրել են «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի» նախագահ Գեւորգ Գրիգորյանը եւ «Հայաստանի երիտասարդ ակնաբույժների ասոցիացիայի» նախագահ Արտաշես Զիլֆյանը:

Ինչպես իր խոսքում նշեց Գ. Գրիգորյանը համախմբումն ու համագործակցությունը միտված է երկրում բժշկագիտության եւ բուժաշխատողների գիտապրակտիկ զարգացմանը: Նա ողջունելով թե՛ «Բժշկական գեենտիկայի եւ առողջության առաջնային պահպանման կենտրոնի» ու թե՛ «Հայաստանի երիտասարդ ակնաբույժների ասոցիացիայի» հետ համագործակցությունը ընդգծեց, որ թիմային աշխատանքների շնորհիվ նրանք գրանցելու են նորանոր հաջողություններ: Բժիշկը նաեւ հավելեց, որ աշխատանքային հետագա գործընթացներում ընդգրկվելու են նոր կադրեր, որոնք էլ ավելի մեծ թափ են հաղորդելու ոլորտի զարգացմանն ու առաջիկայում իրականացվելիք ծրագրերին: