Հայաստանի որևէ քրեակատարողական հիմնարկում գերբնակեցման խնդիր այլևս չկա. Սուրեն Քրմոյան
ՀասարակությունՀայաստանի Հանրապետության որևէ քրեակատարողական հիմնարկում գերբնակեցման խնդիր այլևս չկա: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը: Նա նշեց, որ քրեակատարողական հիմնարկների ընդհանուր բնակելի մակերեսը բավարար է անազատության մեջ պահվող յուրաքանչյուր անձի համար սահմանված չորս քառակուսի մետրն ապահովելու համար, այնուհանդերձ, որոշակի խումբ դատապարտյալների և կալանավորված անձանց միմյանցից անջատ պահելու օրենսդրական սահմանափակումները մինչև 2016 թվականի մարտ ամիսը քրեակատարողական հիմնարկների ընդհանուր բնակելի մակերեսի խնդիրներ են ստեղծել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, այն էլ՝ կալանավորված անձանց կապակցությամբ:
«ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ամբողջական շահագործման, կալանավորված անձանց պահելու վայրի լրակազմի ավելացման , ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում կալանավորվածների պահելու վայր նախատեսելուց ի վեր, ՀՀ որևէ քրեակատարողական հիմնարկում, այդ թվում նաև՝ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, գերբնակեցման խնդիր այլևս առկա չէ»,- ասաց Քրմոյանը:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի խոսքով` 2015 թվականի դեկտեմբերի 15-ին ամբողջությամբ շահագործման է հանձնվել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ևս 4 մասնաշենքերը: «Դրա արդյունքում քրեակատարողական հիմնարկի լրակազմն ավելացել է 800-ով՝ հասնելով 1200-ի: Մինչ այդ սահմանված էր առավելագույնը 400 անձի համար: Բացի դրանից, 2016 թվականի փետրվարի 16-ին փոփոխություններ է կատարվել ՀՀ արդարադատության նախարարի 2012 թվականի փետրվարի 28-ի թիվ 30-Ն հրամանում, որի արդյունքում «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում 5 անգամ ավելացվել է կալանավորված անձանց պահելու վայրի լրակազմը՝ հասնելով 40-ից 200-ի, իսկ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում առաջին անգամ նախատեսվել է կալանավորված անձանց պահելու վայր՝ 80 լրակազմով »,- նշեց նա: