Պետական ծառայության մեկ միասնական գրասենյակը ավելի է դյուրացնելու փաստաթղթերի ստացումը
ՀասարակությունՊետական ծառայության մեկ միասնական գրասենյակը ավելի դյուրին է դարձնելու տարբեր փաստաթղթերի ստացումը:
Դեկտեմբերի 22-ին ամփոփելով Արդարադատության նախարարության 2016 թվականի աշխատանքները, այս մասին նշեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
«Մեզանից շատերը առնչվել են տարաբնույթ փաստաթղթերի հետ՝ ամուսնության վկայականից մինչև ավտոմեքենայի հետ կապված փաստաթղթեր: Մարդիկ հաճախ ստիպված էին լինում մի քանի գերատեսչություն գնալ, որպեսզի կարողանան համապատասխան փաստաթուղթ ստանալ:
Այսօր այլևս այդպես չէ. օրինակ, մարզերում բնակվող քաղաքացիները կարող են «Հայփոստի»-ին դիմել և մեկ պատուհանի սկզբունքով ստանալ իրեն անհրաժեշտ փաստաթուղթը՝ առանց հավելյալ քաշքշուկների»,- ընդգծեց նախարարը:
Պետական ծառայությունները քաղաքացիներին ավելի հասանելի դարձնելու նպատակով 2016 թվականի նոյեմբերից Երևանում, Գառնիում և Գյումրիում գործարկվել են պետական ծառայության միասնական գրասենյակներ: Ծրագրի նպատակը քաղաքացիների հոգսի ու պետական մարմնից փաստաթուղթ ստանալու համար մայրաքաղաք կամ մարզկենտրոն հասնելու բեռի թեթևացումն է: