Վթար Թբիլիսյան խճուղում. կա չորս վիրավոր
ՀասարակությունԴեկտեմբերի 31-ին, ժամը 16.59-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Թբիլիսյան խճուղում՝ «Իդեալ»-ի պահեստի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը եւ մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Թբիլիսյան խճուղու թիվ 25 հասցեի մոտակայքում բախվել են «Opel Astra» մակնիշի 598 OZ 61 (վարորդ՝ 1994 թ. ծնված Ե. Տ.) եւ «Mercedes E320» մակնիշի 63 SO 333 (վարորդ՝ 1966 թ. ծնված Ա. Բ.) պետհամարանիշներով ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւոր՝ 1995 թ. ծնված Հ. Բ.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից եւ տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Փրկարարները «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վարորդը եւ ուղեւոր՝ 1994 թ. ծնված Կ. Տ.-ը հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները: