Սոցիալական պայմանների պատճառով տարեկան 100-ից ավելի աշակերտ է դպրոցից հեռանում. Նախարարը պաշտոնական թվերին չի հավատո՞ւմ
ՀասարակությունԿրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը կարծես տեղյակ չէ նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) հրապարակած վիճակագրական տվյալներին, որոնց համաձայն, Հայաստանում սոցիալական վատ պայմանների պատճառով ուսումը կիսատ թողած երեխաների աճ է նկատվում:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Լեւոն Մկրտչյանը նախ հայտարարեց, որ չպետք է թույլ տալ, որ երեխաները զրկվեն կրթություն ստանալու իրավունքից, ապա հորդորեց կոնկրետ տվյալներ տալ, որ կարողանան օգնել:
«Իսկապես շոր չունենալու պատճառով կամ այլ պատճառով որեւէ երեխա չպետք է զրկվի դպրոց գնալուց, որովհետեւ կրթությունը պարտադիր է»,- ասաց Լեւոն Մկրտչյանը:
Փաստորեն, Կրթության եւ գիտության նախարարությունն ամեն տարի վիճակագրական տվյալներ է հրապարակում, մինչդեռ այդ աշակերտների խնդիրներին լուծում չի տալիս: Նշենք, որ ըստ Կրթության եւ գիտության նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) հրապարակած վիճակագրական տվյալների՝ 2014-2015թթ. ուսումնական տարում սոցիալական վատ պայմանների պատճառով դպրոցից հեռացել է 191 աշակերտ, որից 67-ը՝ աղջիկ, իսկ 87 աշակերտի ծնողները թույլ չեն տվել շարունակել ուսումը: 2013-2014 ուսումնական տարվա պաշտոնական տվյալների համաձայն, աշակերտներից 143-ն ուսումը կիսատ է թողել սոցիալական վատ պայմանների պատճառով, 59-ին՝ ծնողները թույլ չեն տվել շարունակել ուսումը: