«Շենգավիթի» բժիշկները խախտումներ թույլ չեն տվել. Նորածնի մահվան դեպքով հարուցված քրգործը կարճվեց
ՀասարակությունNEWS.am-ը գրում է.
Երեւանի «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 2015թ. նոյեմբերին նորածնի մահվան դեպքով հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է` բուժաշխատողների գործողություններում հանցագործության հատկանիշների բացակայության հիմքով: Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Քննչական կոմիտեից:
Ըստ Կոմիտեի` 2015 թվականի նոյեմբերի 28-ին քաղաքացի Ի. Հայրապետյանից հաղորդում էր ստացվել, որ նոյեմբերի 25-ին հարսն ընդունվել է «Շենգավիթ» բժշկական կենտրոն եւ կեսարյան հատման եղանակով ունեցել արական սեռի երեխա: Նոյեմբերի 27-ին նորածին երեխան մահացել է՝ ըստ դիմումատուի, բժշկական կենտրոնի բժիշկների կողմից պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետեւանքով:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Նորածինը ճանաչվել է տուժող, իսկ մայրը` տուժողի իրավահաջորդ:
Քրեական գործով ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական գործողություններ բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ, էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել է դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն:
Համաձայն դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացության` երեխան ծնվել է առողջական խնդիրներով, նրա մոտ ախտորոշվել է «սրտի բնածին արատ, աորտայի կրիտիկական ստենոզ, ձախ հիպոպլաստիկ փորոք»: Ըստ փորձագետների` ծննդկանի եւ նրա երեխայի նկատմամբ իրականացված հետազոտությունները կատարվել են լրիվ ծավալով եւ ժամանակին, երեխայի բուժման գործընթացում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից խախտումներ թույլ չեն տրվել: Հարցաքննվել են մի շարք անձինք, նրանց թվում` բժշկական կենտրոնի աշխատակիցները, փորձագետը:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` որոշում է կայացվել քրեական գործով վարույթը կարճելու մասին` բուժաշխատողների գործողություններում հանցագործության հատկանիշների բացակայության հիմքով: