Զինվորական համազգեստը հագել ենք, ուրեմն զինվոր ենք. երկվորյակ եղբայրները տարվա առաջին զորակոչով ծառայության մեկնեցին
ՀասարակությունNEWS.am-ը գրում է.
18-ամյա Արամ եւ Արմեն Քոչարյանները երկվորյակ եղբայրներ են. նրանք այսօր` հունվարի 8-ին, միասին են զինվորական ծառայության մեկնում: Ուրախ են, որ միասին մեկ տեղում են ծառայելու, նաեւ ոգեւորված ու հպարտ, որ բանակ են գնում: NEWS.am-ի հետ զրույցում Արամը նշեց, որ առավոտյան բարձր տրամադրությամբ է հրաժեշտ տվել ծնողներին եւ հարազատներին, ու այժմ եղբոր հետ անհամբերությամբ սպասում են, թե երբ են մեկնելու զորամաս:
«Արդեն զինվորական համազգեստը հագել ենք, ուրեմն զինվոր ենք: Զգացմունքներս բարդ է նկարագրել` հպարտություն, հուզմունք: Երկվորյակ եղբորս հետ եմ մեկնում, նույն տեղում ենք ծառայելու, եւ դա արդեն լավ է: Ամեն ինչ անելու ենք, որ լավ ծառայենք»,- ասաց Արամը:
Նա նշեց, որ առաջնագծում տեղի ունեցած միջադեպերն ավելի են ոգեւորում իրենց` սահման մեկնելու եւ այն պաշտպանելու համար. «Լսել, կարդացել ենք առաջնագծում տեղի ունեցած միջադեպերի մասին, բայց դրանք չեն կարող մեր ոգին կոտրել, ավելի են ոգեւորում մեզ»:
Արամ եւ Արմեն Քոչարյանները Երեւանի բնակիչ են, մասնագիտությամբ՝ երաժիշտ: