Խրոնիկ ալկոհոլիկներ էին, ուշացած դեպքեր էին, չհասցրեցինք փրկել. Միքայել Գաբրիելյան
ՀասարակությունՀամեմատած անցած տարվա՝ այս տարվա տոնական օրերին թունավորումների քանակը պակաս է եղել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱՆ գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը:
«Այս տարի մինչ օրս սուր թունավորումների բաժանմունք են ընդունվել 30 հիվանդ: Անցած տարի գրանցվել է 39 դեպք: Այս տարի ալկոհոլային թունավորումների 10 դեպք է եղել, անցյալ տարի՝ 15 դեպք: Գազի թունավորումից 6 դեպք եղել է այս տարի, 9 դեպք՝ անցյալ տարի»,-ասաց Մ. Գաբրիելյանը հավելելով, որ այս տարվա թունավորումների քանակը պակաս է անցյալ տարվա համեմատ, սակայն, թե ինչով է դա պայմանավորված, մասնագետը չի կարող հստակ ասել. «Ցավալի է, որ ալկոհոլային թունավորումները առաջնային են մնում: Այս տարի Ամանորի օրերին, ցավոք սրտի, ունեցել ենք 2 մահվան դեպք. խրոնիկ ալկոհոլիկներ էին, ուշացած դեպքեր էին, չհասցրեցինք փրկել: Անցյալ տարի այդ նույն ժամանակահատվածում մահվան դեպքեր չեն եղել: Մահացածները միջին տարիքի տղամարդիկ էին»,-նշեց Մ. Գաբրիելյանը:
ՀՀ ԱՆ գլխավոր թունաբանը տեղեկացրեց նաեւ, որ այս տարի բոտուլիզմի դեքեր չեն գրանցվել, մինչդեռ անցյալ տարի մինչեւ ամսի 13-ը ունեցել են 4 դեպք: