Թուրք պատգամավորները Կարո Փայլանի` Հայոց ցեղասպանության մասին ելույթը «դավաճանություն» են որակել
ՀասարակությունԹուրքիայի Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի Հայոց ցեղասպանության մասին ելույթը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամները որակել են որպես «դավաճանություն և ստորություն»:
Այս մասին գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարներից Նաջի Բոսթանջըն Կարոյի քայլը որակել է որպես «Մի ամբողջ կայսրության մեջքի ետևից հարված» և հավելել, որ «իրենք ոչ մի խնդիր չունեն Թուրքիայի հայ քաղաքացիների և արտերկրում բնակվող հայերի հետ» և որ «ոմանք ցեղասպանության մասին պնդումներով այստեղից և միջազգային ամբիոններից փորձում են ազգայնականություն զարգացնել»:
Փայլանի ելույթը քննադատության են ենթարկել նաև ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության մի շարք անդամներ, քեմալականների խմբակցության ղեկավար Էնգին Ալթայը նշել է, որ իրենց կուսակցությունը խստորեն դատապարտում է ցեղասպանությունը եզրույթի բարձրաձայնումը Թուրքիայի Մեջլիսում:
Իսկ ահա քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության (որի անդամ է Կարո Փայլանը) Անկարայից ընտրված պատգամավոր Սուրրեյա Օնդերը, խուսափելով հստակ ձևակերպումներից նշել է, որ այն ժամանակաշրջանը, որի մասին խոսում է Փայլանը, Օսմանյան կայսրության ամենացավալի շրջանն է: