Գյումրու քաղաքապետարանը շարունակում է կառուցապատված տնակների սեփականաշնորհման գործընթացը
Հասարակություն Գյումրու քաղաքապետարանը շարունակում է կառուցապատված ժամանակավոր կացարանների սեփականաշնորհման գործընթացը:
Տարիների ընթացքում կառուցապատված տնակները, որոնք գտնվում են թույլատրելի տարածքներում և պահպանում են քաղաքաշինական նորմերը՝ «Գյումրին առանց տնակների» ծրագրի շրջանակում օրինականացվում ու տրամադրվում են բնակիչներին՝ որպես անշարժ գույք: Քաղաքում կա նմանատիպ մոտ 200 տնակ, դրանցից 70-ն արդեն սեփականաշնորհվել է:
Հունվարի 25-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը սեփականաշնորհման վկայագիր հանձնեց ևս 10 ընտանիքի: «Ծրագիրը մեկնարկել է անցած տարվանից: Այն «Գյումրին առանց տնակների» ծրագրի բաղադրիչներից է և հնարավորություն է տալիս արդեն քարապատած տնակները սեփականաշնորհելու, բայց միայն եթե դրանք համապատասխանում են նորմերին: Գլխավոր պայմաններից մեկն այն է, որ չհակասի Գյումրի քաղաքի գլխավոր հատակագծին՝ չլինի ճանապարհների վրա կամ կանաչ գոտիներում, ունենա կառուցման հուսալիության բարձր աստիճան»,-«Արմենպրես»-ին տեղեկացրեց Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը՝ փաստելով, որ այս պահին էլ քաղաքապետարանն ունի բնակիչներից ստացված դիմումներ նույն խնդրով:
Հիմնականում հանձնաժողովը, որը որոշում է կայացնում տարածքի սեփականաշնորհման վերաբերյալ առաջնորդվում է «Ինքնակամ շինությունների օրինականացման մասին» ՀՀ օրենքով՝ համայնքի ղեկավարի որոշմամբ: Գործընթացն իրականացվում է անվճար:
Արմենուհի Մխոյան