Քննարկվում է Գյումրիից «Պոբեդա»-ի չվերթերի հաճախականությունն ավելացնելու հարցը
ՀասարակությունՀՀ կառավարությունն աշխատանքներ է տանում Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում չվերթերն ավելացնելու ուղղությամբ: Այդ մասին կառավարության նիստից հետո հայտարարեց Քաղացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը:
«Աշխատանքներ են տարվում, որպեսզի Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում, ինչպես «Զվարթնոց»-ում, ավելանան չվերթները: Շիրակ» օդանավակայանից «Պոբեդա» ավիաընկերության կողմից իրականացվող չվերթերն իրականացվում են գրեթե 100 տոկոս բեռնվածությամբ: Հիմա քննարկումներ են ընթանում չվերթների հաճախականության ավելացման ուղղությամբ»,- ասաց Ավետիսյանը:
Կառավարության հունվարի 26-ի նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ առաջիկա օրերին այցելելու է Գյումրի, և Սերգեյ Ավետիսյանին հանձնարարեց այցի մեկնարկային կետ նախատեսել «Շիրակ» օդանավակայանը:
«Պարոն Ավետիսյան, վաղը չէ մյուս օրն ունենք այց Գյումրի, որտեղ քննարկելու ենք զբոսաշրջության հետ կապված բավականին լայնածավալ ծրագիր: Խնդրում եմ, նախատեսեք այցի սկիզբը օդանավակայան, հրավիրեք տնօրենին, որովհետև կա պայմանավորվածություն, որ իրենք պետք է ներդրումներ կատարեն, քանի որ զբոսաշրջության հոսքը Գյումրի մեծ է լ ինելու»,- ասել է Կարեն Կարապետյանը: