Սանկտ-Պետերբուրգում հանդիսավորությամբ նշել են հայոց բանակի 25-ամյակը
ՀասարակությունՍանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հայ համայնքի հետ համատեղ հանդիսավորությամբ նշել է հայոց բանակի 25-ամյակը: Սանկտ-Պետերբուրգի Սուրբ Կատարինե եկեղեցում կատարվել է ժամերգություն՝ նվիրված հայոց բանակի կազմավորման 25-ամյակին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայոց բանակի 25-ամյակի առթիվ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Սանկտ-Պետերբուրգի ռազմաուսումնական հաստատություններում ուսանող ՀՀ բանակի 4 սպաներ պարգևատրվել են Անբասիր ծառայության համար 2 աստիճանի մեդալներով: ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության պետի հրամանով 12 սպաներ և կուրսանտներ պարգևատրվել են ՀՀ ԶՈՒ կազմավորման 25-ամյա տարելիցի կապակցությամբ՝ ուսման բարձր առաջադիմության և զինվորական կարգապահության համար պատվոգրերով։
Հանդիսավոր արարողությանը մասնակցել են Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը, Սանկտ-Պետերբուրգի զինվորական ակադեմիաներում ուսումնառություն ստացող ՀՀ ունկնդիրների ազգային խմբի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, Սանկտ-Պետերբուրգում ուսանող ՀՀ սպաներ և կուրսանտներ, ազատամարտիկներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, հոգևոր հայրեր: Միջոցառմանը ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես է եկել Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը: