ՀՀ բանակի 25-ամյակին նվիրված ընդունելություն է կազմակերպվել ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում
ՀասարակությունՀՀ բանակի կազմավորման 25-ամյակի առթիվ փետրվարի 1-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կազմակերպվեց պաշտոնական ընդունելություն` ՆԱՏՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի, Բելգիայում ՀՀ դեսպանի եւ ՆԱՏՕ-ում ՀՀ ռազմական ներկայացուցչի կողմից: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Ընդունելությանը մասնակցեցին ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր երկրների դեսպաններ, այլ դիվանագետներ, բարձրաստիճան զինվորականներ, ՆԱՏՕ-ի միջազգային քաղաքական եւ ռազմական անձնակազմերի պաշտոնյաներ։
Ողջույնի իր խոսքում ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Եդիգարյանն անդրադարձավ ՀՀ Զինված ուժերի ստեղծման պատմությանն ու քառորդդարյա փառահեղ ճանապարհին, Հայաստանի որդեգրած միջազգային ռազմաքաղաքական համագործակցության ուղենիշներին, Հայոց բանակում ընթացող բարեփոխումների գործընթացին, Ազգ-բանակ հայեցակարգին:
Խոսելով Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների մասին՝ դեսպան Եդիգարյանը վստահություն հայտնեց, որ դրանք ապագայում էլ կշարունակեն զարգանալ կայուն եւ փոխշահավետ կերպով։