Կանադայում կալանավորված հայը, հնարավոր է, 5 տարով բանտարկվի
ՀասարակությունՕդանավի սրահում անզուսպ պահվածքի համար կալանավորված հայը կմնա կալանքի տակ: Այսպիսի որոշում է կայացրել Նունավուտի դատարանը:
36-ամյա Սիսակ Խուդավերդյանը կալանավորվել է Կանադայի Իկալիուտ քաղաքի օդանավակայանում օդանավի հարկադիր վայրէջքից անմիջապես հետո եւ արդեն 69 օր արգելափակված է: Այս մասին հայտնում է nunatsiaqonline.ca-ն:
Մեղադրյալը հայտարարել է, որ անմեղ է:
Նախկինում դատավորը Խուդավերդյանի նկատմամբ 60-օրյա հոգեբուժական հետազոտություն էր նշանակել՝ որոշելու համար կարո՞ղ է մասնակցել դատաքննությանը եւ չի՞ տառապում հոգեկան խանգարմամբ, որը կարող էր նրան քրեական պատասխանատվությունից ազատել: Սակայն դատաքննությունը ձգձգվում է նրա հետ շփման անհնարինության պատճառով. Խուդավերդյանին պետք է թարգմանիչ տրամադրեն:
Հայ տղամարդու փաստաբանը հայտարարել է, որ նա առողջական խնդիրները բուժելու համար անհրաժեշտ դեղեր չի ստացել: Դրա հետ կապված դատարանը բժշկական հետազոտություն է նշանակել:
Եթե Խուդավերդյանին մեղավոր ճանաչեն, նրան 100 հազար դոլարի տուգանք եւ մինչեւ 5 տարի բանտարկություն է սպառնում, կամ 25 հազար տուգանք եւ մինչեւ 18 ամսվա բանտարկություն՝ երդվյալների բացակայությամբ ընդունած դատավճռի դեպքում
Նշենք, որ Խուդավերդյանը կալանավորվել է Մոսկվայից Լոս Անջելես թռչող ռուսական Aeroflot ընկերության օդանավի սրահում սարքած դեբոշի պատճառով: