Հայաստանի բուհերում հայոց լեզվի հետ կապված խնդիրներ չկան եւ չեն լինի. Դումանյան
Հասարակություն«Հայաստանի բուհերում հայոց լեզվի հետ կապված խնդիրներ չկան եւ չեն լինի, թեեւ այս հարցը հաճախ է շահարկվում»։ Այս մասին դեկտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։
Վերջինս նշեց, որ ընդունելության քննությունների առարկաների ցանկը կազմում են հենց բուհերը, նախարարությունը միայն նշել է, որ չպետք է երկուսից ավել առարկաներ լինեն։
«Բացի այդ, եթե նույն մասնագիտության ընդունելության քննություններն անցկացվում են տարբեր բուհերում, ապա դրանց անցկացման կարգն ամենուր նույնը պետք է լինի»,- ընդգծեց Դումանյանը՝ հիշեցնելով, որ դպրոցներում ավարտական քննությունների ժամանակ բոլորն արդեն հայոց լեզու են հանձնում։
«Մեր ապագան այնպիսին պետք է լինի, որ բուհ ընդունվելու համար ընդհանրապես ընդունելության քննություններ չլինեն, ինչպես դա տեղի է ունենում աշխարհի առաջատար բուհերում։ Այժմ ընդունելության քննություններն անցկացվում են այն պատճառով, որ հանրակրթության ոլորտում խնդիրներ կան դասավանդման մակարդակի տարբերության առումով։ Պատկերը շատ տարբեր է ողջ երկրում»,- հավելեց նա։