Անցած ճանապարհ, հիշողություններ և ճակատագրական հանդիպումներ. «3-րդ ալիք»-ը դարձավ 24 տարեկան
Lifestyle
Կարեն Քոչարյան
«3-րդ ալիք»-ը առաջին հերթին հեռուստադիտողին տվեց նոր հեռուստատեսություն, որը զուրկ էր «կլոր», «քառակուսի», «օվալաձև» և «ձվաձև» սեղաններից և «խելոք մտքեր» արտահայտող դեմքերից: Մարդիկ հոգնել էին, տարիները շատ քաղաքականացված էին: Մոտենում էր անկախությունը, առավոտից գիշեր հարցազրույցներ, հարցազրույցներ, հարցազրույցներ… Եվ հանկարծ… Մի լույսի շող, մի նոր և թարմ շունչ եկավ…
Եվ մի խումբ խենթերի շնորհիվ հեռուստադիտողը հասկացավ, որ կարելի է եթերում այլ կերպ մտածել` որպես նշանաբան վերցնելով Մյունհաուզենի իմաստուն խոսքերը. բացահայտ ամեն շաբաթ դիմում էինք մեր հեռուստադիտողներին և փորձում հասկացնել` մենք գիտենք Ձեր դժբախտության գաղտնիքը, դուք չափից ավելի լուրջ եք, պարոնայք, դեմքի խելոք արտահայտությունը դեռ խելքի նշան չէ և աշխարհի բոլոր հիմարություններն արվում են դեմքի հենց այդ արտահայտությամբ. ժպտացե՛ք, պարոնայք, ժպտացե՛ք:
Մենք հեռուստադիտողի հետ անցանք անչափ հարուստ ճանապարհ: Անդրադարձել ենք ամեն ինչին՝ մշակույթին, սպորտին, գիտությանը, գրականությանը, մեր սիրելի Երևանին, ինչպես նաև երկրի քաղաքական իրավիճակին, բայց երբեք թույլ չենք տվել մեզ լկտիություն, եթերային անբարոյականություն, երբեք ոչ մեկին չենք վաճառվել և չենք ծառայել: Միակն, ում ծառայել ենք, այն էլ մեծ սիրով և նվիրվածությամբ, եղել է մեր հեռուստադիտողը: Ի դեպ, հեռուստադիտող ասելով, ես ի նկատի ունեմ սկսած երկրի տարբեր տարիների ղեկավարությունից, մինչև ամենասովորական քաղաքացին, ինչի համար մենք անչափ շնորհակալ ենք բոլորին: Ինձ համար միլլիոն արժի, որ փողոցում ինձ մարդիկ ժպտում են, մոտենում, իրենց շնորհակալական խոսքերն ու կարոտն են ուղղում: Ինձ համար միլլիոն արժի այն մե՜ծ հավաքածուն, որը սրբությամբ փորձում ենք վերականգնել և տեղադրել համացանցում: Խոսքս այն դեմքերի մասին է, ովքեր անցել են «3-րդ ալիք»-ի ալիքներով:
Թվարկերլն անգամ անհնար է. Ազնավուր, Անրի Վերնոյ, Պյեռ Ռիշար, Սոֆիկո Ճիաուրելի և Կոտե Մախարաձե, Գեննադի Խազանով, Օլեգ Եֆրեմով, Արմեն Ջիգարխանյան, Սերժ Ավետիքյան, Էմմանուիլ Վիտորգան, Օլեգ Տաբակով, Խորեն Աբրահամյան, Սոս Սարգսյան, Մհեր Մկրտչյան, Գուժ Մանուկյան, Վլադիմիր Մսրյան, Արթուր Ութմազյան, Ալեքսանդր Գրիգորյան,Վալենտին Պոդպոմոգով, Գրիգոր Հասրաթյան, Մուրադ Մուրադյան…
Աշխարհի որ երկրում ասես չեղանք և այդ ամենը տեսանք տեսախցիկի սև-սպիտակ աչքով, որպեսզի ավելի ճոխ տեսնի հեռուստադիտողը: Երեխաների բազմաթիվ սերունդ դաստիարակեցինք, որոնցից մի քանիսն այսօր էլ եթերում են` իրենց սեփական նախագծերով: Մի խոսքով, ահա այս ամենը և էլի շատ-շատ բաներ տվեց «3-րդ ալիք»-ը հեռուստադիտողին, իսկ այսօր «3-րդ ալիք»-ի չլինելու հետ պակասեց առաջին հերթին եթերային անկեղծությունը:
Ինչ վերաբերում է ճակատագրական հանդիպումներին, ես կարծում եմ, որ հենց այս հանդիպումը՝ Արտակ Արզումանյան,Վաչագան Ներսիսյան, Էլմիրա Արսենյան, Արտավազդ Եղոյան և Կարեն Քոչարյան՝ իրոք ճակատագրական էր: Իսկ եթե եթերային ճակատագրական հանդիպումներին անդրադառնամ, կարող եմ ասել, որ դրանցից գրեթե յուրաքանչյուրն էլ ճակատագրական էր, ինչի համար ես մինչև կյանքիս վերջը շնորհակալ կլինեմ իմ ճակատագրին: Ի դեպ, այս խոսքերը չեն նշանակում, որ մինչև կյանքի վերջը պիտի հիշողություններով ապրենք: Մենք դեռ ունենք մեծ պոտենցիալ և այսօր պետք ենք մեր հեռուստադիտողին, հեռուստադիտողն էլ՝ մեզ: Այնպես որ, կարող եմ վստահ ասել՝ ՄԻՆՉ ՆՈՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵԹԵՐՈՒՄ… Ո՞ր… Չգիտեմ… Այդ հարցն ուղղեք հեռուստաընկերությունների ղեկավարներին…
Էլմիրա Արսենյան
«3-րդ ալիք»-ն ինձ տվել է այն, որ հաղորդման շրջանակներում այնպիսի մարդկանց հետ եմ շփվել, ովքեր մեր փառքն ու պարծանքն են եղել: Երբ մեր արխիվն ուսումնասիրում եմ, հասկանում եմ, թե որքան ենք հարստացել (ոչ ֆինանսապես) այդ նախագծի շնորհիվ: Ես հեռուստատեսությունում աշխատում եմ արդեն 46 տարի: Մեզ այդ տարիներին պահել, աջակցել է հեռուստադիտողի սերը, սպասումը, հավատը. նրանք սպասում էին առաջին հայերեն թարգմանված մուլտին, ֆիլմին, առաջին հումորային ծրագրին: Հեռուստադիտողն այնպես էր մեզ հավատում, որ Կարենի և Արտավազդի եթերում արված հումորային վեճերը լուրջ էր ընդունում: Մի անգամ դրսում ուսուցչուհի մի կին մեզ կանգնեցրեց և ասաց. «Արտավազդ ջան, ինչո՞ւ ես Կարենին այդքան նեղում»:
Այդ կինն իսկապես հավատացել էր, որ Արտավազդը Կարենի հետ թշնամանք ունի:
Ի դեպ, ասեմ, որ առաջին անգամ 1991 թվականի հունվարի 14-ին է պրոդյուսեր հասկացողությունը շրջանառվել: Այդ ժամանակ նույնիսկ ռուսական հեռուստատեսությունում պրոդյուսեր չկար: Հովանավորներ երբեք չենք ունեցել, նրանցից ֆինանսական ակնկալիքներ չենք ունեցել, այլ եղել ու մնացել ենք լավ բարեկամներ: Նրանք պարզապես մեր գործընկերներն էին: Ամեն ինչ գրեթե մեր ուժերով էինք անում, բայց սիրով…
Ես չեմ համարում, որ ավարտել ենք մեր գործը, որովհետև յուրաքանչյուրս առանձին ինչ-որ բան անում ենք, լավ ընկերներ ենք՝ անկախ բնակության հեռավորությունից, վայրից: Ուզում ենք, որ սերունդներն այսօրվա պես մեզ միշտ հիշեն…

Նելլի Մարգարյան