Շատ վատ կլինի, որ ինձ հրավիրեն նկարահանման միայն այն բանի համար, որ համաձայն եմ խաղալ բաց տեսարաններում. Տաթև Հովակիմյան
Lifestyle
-Ընդամենը մեկ-երկու ամիս առաջ Տաթև Հովակիմյան դերասանուհուն շատ քչերն էին ճանաչում: Այսօր Ձեզ բոլորը գիտեն: Ֆիլմից հետո ի՞նչ փոխվեց Ձեր կյանքում:
-Ավելի լայն հասարակությանն ես ծանոթ դառնում, քեզ ճանաչում են, ինչն առավել շատ է պարտավորեցնում: Կյանքում ապրում եմ իմ սովորական առօրյայով: Ինչ վերաբերում է փոփոխությանը, ապա ասեմ, որ այս հարցազրույցն արդեն իսկ փոփոխություն է ինձ համար, սա նորություն է իմ կյանքում: Հուսով եմ, երբեք ինքս իմ մեջ բացասական փոփոխություններ չեմ հայտնաբերի: Հետաքրքիր է, երբ մարդիկ քեզ ճանաչում են, հարցեր են տալիս գործիդ հետ կապված, հետաքրքրվում են քո աշխատանքով: Ես սիրում եմ, որ մարդիկ քննարկում են քո աշխատանքը, և ոչ թե արտաքին տվյալներդ, կյանքդ:
-Դուք արդեն մի աշխարհ եք ոտք դրել, որտեղ դժվար կլինի խուսափել հետաքրքրասեր հայացքներից:
-Գիտեմ , բայց կփորձեմ սահմաններ գծել աշխատանքի ու անձնական կյանքի միջև…
-Վախ կա՞, որ կարող է «աստղային հիվանդություն»-ը Ձեզ էլ այցելել:
-Շատ ճիշտ ու հանճարեղ խոսք կա. «Երբեք մի ասա երբեք»… Բայց վստահ եմ իմ դաստիարակության վրա: Ի վերջո, այս փոքրիկ Հայաստանում գեղեցիկ չի հնչում որևէ մեկի համար օգտագործել «աստղ» բառը: Անձամբ ես այդ բառից ամաչում եմ, կոմպլեքսավորվում և չեմ էլ ցանկանում մտածել այդ «հիվանդության» մասին:
-Միգուցե նման «հիվանդություն» չկա՞ տարածված, այլ այն մարդիկ, ովքեր չեն կարողանում շփման եզրեր գտնել հայտնիների հետ, դա վերագրում են նրանց «աստղային» պահվածքո՞վ:
-Համաձայն եմ, նման բան կա: Գիտեք, երբ վրա է հասնում հաջողությունը, զարմանում ես «կորած» մարդկանց վերաբերմունքից, ովքեր միանգամից հայտնվում են կողքիդ: Եվ եթե չես ցանկանում իրենց հետ չփվել, դա վերագրում են «աստղային հիվանդության»-ը: Բայց մարդը մեկուսանում է նրանցից, քանի որ չի հասկանում, չի ընդունում վերաբերմունքի փոփոխության պատճառը:
-Այս մեկ ամսվա ընթացքում նման «կորած» մարդիկ հայտնվե՞լ են Ձեր կողքին:
-Այո:
-Եվ ինչպես եք արձագանքե՞լ:
-Ամեն ինչ հասկանալով, բայց՝ «ջան-ջիգյարով»: Շատ եմ սիրում մարդկանց: Ոչինչ, մարդու բնավորությունը, տեսակն է այդպիսին:
-Թեև «աստղեր» չունենք, բայց շատ լավ հայ դերասաններ ունենք: Ո՞ւմ հետ կցանկանայիք հայտնվել նկարահանման հրապարակում:
-Առաջին հերթին իմ վարպետի՝ Դավիթ Հակոբյանի: Շատ կցանկանամ նկարահանվել Միքայել Պողոսյանի, Արման Նավասարդյանի, միանշանակ՝ Հրանտ Թոխատյանի հետ: Շատ լավ դերասան-դերասանուհիներ ունենք, որոնք արժանի են Հայաստանը ներկայացնել նաև դրսում:
-Արդեն իսկ ունե՞ք նոր առաջարկներ:
-Ճիշտն ասած՝ այս տարի ավարտում եմ ինստիտուտը, այժմ զբաղված եմ դիպլոմային աշխատանքով: Բայց ունեմ առաջարկներ գեղարվեստական ֆիլմերից: Դեռևս չեմ կարող փակագծեր բացել: Հուսով եմ, առաջիկայում այդ մասին կխոսենք:
-Հնարավո՞ր է Ձեզ տեսնենք նաև հեռուստասերիալում:
-Չեմ կարծում, ես ինձ դեռևս չեմ պատկերացնում սերիալում: Մինչև ուսանող դառնալս մի քանի նախագծերում հայտնվել եմ, բայց երբ ընդունվեցի Թատերական ինստիտուտ, ինքս հրաժարվեցի նկարահանվել սերիալներում:
-Դժվա՞ր է նկարահանման հրապարակում հայտնվել փորձառու խաղընկերների հետ: Ո՞ւմ հետ էր ավելի հեշտ աշխատելը:
-Նախ ասեմ, որ շատ մեծ հաճույքով եմ աշխատել Տիգրան Մակարյանի հետ: Նա տաղանդավոր դերասան է, կցանկանամ հետագայում էլ նրան տեսնել լավ ֆիլմերում: Արժանի դերասան է, ում հետ մեծ սիրով աշխատել եմ բոլոր տեսարաններում: Նաև ասեմ ինձանից տարիքով մեծ դերասանների մասին. հպարտ եմ, որ նկարահանվել եմ շատ սիրված Լուիզա Ղամբարյանի և Սերժ Ավետիքյանի հետ: Անկախ նրանից, թե վաղը ինչ խաղընկերներ կունենամ, ինչ ֆիլմում կխաղամ, միշտ կհիշեմ այս մարդկանց, ովքեր իմ դեբյուտի ժամանակ օգնել են ինձ նկարահանման հրապարակում՝ հասկանալու դերասանական արվեստը՝ ֆիլմում:
-Տաթև, ֆիլմի տեսարաններից մեկը՝ համբույրի տեսարանը, բավական ժամանակ քննարկվող թեմա էր դարձել, քանի որ հայկական ֆիլմերում քիչ հանդիպող երևույթ է: Երբ սցենարին ծանոթացաք, հեշտությա՞մբ համաձայեցիք, թե՞ համոզեցին:
-Համոզելու բացարձակ խնդիր չի եղել: Դա իմ աշխատանքն է, որը ես սիրում եմ: Համբույրը սիրահար զույգերի համար բնական երևույթ է: Ես այնտեղ Արևիկն եմ, ով սիրում է, սիրված է: Երբ սցենարը կարդացել եմ, հուզվել եմ բուն պատմությունից և ոչ թե սևեռվել, թե քանի տեսարանում պետք է համբուրվեմ: Ինձ համար տարօրինակ է, որ հանդիսատեսն ուշադրություն է դարձնում ու քննարկում համբույրի տեսարանները՝ մոռանալով խաղն ու ֆիլմի ասելիքը: Գուցե ես դեռ չեմ հասկանում, ինչ-որ վատ բան ենք արել, չգիտեմ:
-Հայաստանում դերասանուհինները մեծամասամբ հրաժարվում են նման տեսարաններից:
-Ներեցեք, բայց ես նման «դերասանուհիների» անունները չակերտների մեջ կգրեմ: Չեմ պատկերացնում։
-Կողմնակի խոսակցություններից չե՞ք վախենում:
-Ոչ: Ես բոլորի կարծիքը կարևորում եմ, լսում ու շնորհակալություն հայտնում: Բայց կան մարդիկ, որոնց կարծիքն ինձ համար ամենակարևորն է: Գիտեմ, որ նրանք օբեկտիվ են: Նրանցից մեկն իմ վարպետն է՝ Դավիթ Հակոբյանը, մեծ վարպետ Հրաչյա Գասպարյանը և շատ այլ մարդիկ: Իհարկե, ընդհանուր արձագանքներին հետևում եմ, որպես դերասանուհի ինձ հետաքրքիր է, բայց դրանից ներսումս ոչինչ չի փոխվում: Շնորհակալ եմ և լավ խոսքերի, և վատ խոսքերի համար:
-Իսկ ընտանիքի անդամնե՞րն ինչպես արձագանքեցին:
-Ծնողներս միշտ աջակցում են, կողքիս են: Հավանաբար բոլորին կհետաքրքրի՝ ֆիլմը դիտե՞լ է հայրս: Այո, և նա այն գիտակից մարդկանցից մեկն է, ով հասկանում է, որ ես դերասանուհի եմ: Նա շատ է սիրում ֆիլմեր նայել: Ասեմ, որ համբույրի տեսարանի թեմայով բացարձակ խոսակցություն չի եղել մեր տանը: Նա չի սիրում մանրամասնել իմ ոչ մի աշխատանք: Մայրս շատ ավելի հեշտ է արտահայտում իր կարծիքը, շատ գոհ ու հիացած էր: Իսկ հայրս դժվարությամբ է կարծիք հայտնում: Նույնիսկ թատրոնում առաջին անգամ ինձ տեսնելուց հետո չէր ցանկանում հետս խոսել: Երբ ֆիլմը նայելուց հետո ժպիտով տուն եկավ, հասկացա, որ դրական կարծիք ունի: Մայրիկիս միայն ասել է՝ նորմալ է: Իսկ հայրիկիս ասած նորմալն արդեն իսկ շատ լավ է:
-Վստահ եմ, որ Ձեր պրոֆեսիոնալության, տեսարաններից չխուսափելու շնորհիվ այսուհետ ֆիլմերում շատ առաջարկ կունենաք՝ նման տեսարաններով: Պատրա՞ստ եք:
-Սա մինչ այսօր հնչեցրած ամենաբարդ հարցերից էր, անակնկալի եկա… Շատ վատ կլինի, որ ինձ հրավիրեն նկարահանման միայն այն բանի համար, որ համաձայն եմ խաղալ բաց տեսարաններում: Այդ դեպքում միանշանակ կհրաժարվեմ: Իսկ եթե սցենարը կարդամ ու հասկանամ, որ գեղեցիկ պատմություն է, ասելիք ունի և հուզող է՝ ինչպես այս ֆիլմը, ապա երբեք չեմ հավատա, որ ինձ միայն համբույր խաղալու համար են հրավիրել: Ցանկանում եմ հավատալ, որ ինչ առաջարկ էլ ստանամ, դա կլինի իմ դերասանուհի տեսակի, խաղի համար: Շատերը կարծում են, որ ինձ այս ֆիլմում ընդգրկեցին հենց բաց տեսարաններում խաղալու պատճառով: Բայց իմ և ռեժիսոր Ելենա Արշակյանի մեջ երբեք նման խոսակցություն չի եղել:
-Տաթև, գիտեմ, որ հանդիպել եք Ձեր կերտած իրական հերոսուհուն: Իսկապե՞ս Արևիկ է անունը:
-Ոչ, Արևիկ չէ… Այս հանդիպման մասին խոսել չեմ սիրում: Մեր խոսակցությունը միշտ կմնա իմ ներսում, իմ սեփականությունը:
-Ֆիլմում Ձեզ առավել շատ ո՞ր հատվածն է հուզել:
-Բոլոր տեսարանները շատ հուզիչ են: Հոգեբանական շատ ծանր տեսարաններ ենք ունեցել: Ինձ համար ամենասարսափելի տեսարանը ֆիլմի վերջում ինքնաթիռի բախումն է: Այդ պահին իմ աչքի առաջ գալիս է ոչ թե մեկ տղա՝ երկու ճակատագիր, այլ 113 հոգու ճակատագիր: Կյանքեր, որոնք կիսատ մնացին…
-Իսկ Ձեր համար ո՞ր տեսարանում նկարահանվելն էր առավել բարդ:
-Շատ բարդ էր հոկտեմբեր ամսին -5 աստիճանի պայմաններում նկարահանվել Սևանում՝ ջրերի մեջ, ժայռի վրա: Բայց այդ պահին չեմ զգացել բարդությունները: Մտածում էի տեսարանների վերապրման ու սպասելիքների արդարացման մասին:
-Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:
-Հայրս ունի սեփական վարսավիրանոց, որտեղ նաև որպես վարսահարդար է աշխատում: Մայրս մասնագիտությամբ բուժքույր է: Քույրս ինձանից մեծ է 4 տարի, աշխատում է որպես դիմահարդար:
-Շատերին կհետաքրքրի՝ սիրահարվա՞ծ եք:
-Փորձում եմ արդեն իսկ սահման գծել, որ երբևէ անձնական հարցերի չպատասխանեմ (ժպտում է)… Այս անգամ կասեմ՝ ոչ, չկա իմ կյանքում ինչ-որ մեկը, բայց լինելու դեպքում էլ չեմ «հայտարարի»:
-Ի՞նչ նախասիրություններ ունեք:
-Շատ եմ սիրում պարել: Ինքս էլ զբաղվել եմ պարելով:
-Նորից վերադառնանք ֆիլմին. «Անավարտ թռիչք»-ն ասելիքն ամբողջությամբ տեղ հասցրե՞ց, թե անավարտ բաներ մնացին:
-Անավարտ ոչինչ չի թողել. կարծում եմ: Դրա ապացույցն այն է, որ պրեմիերային հաջորդող դիտումներից հետո էլ մարդիկ ոտքի վրա ծափահարում ու հուզված դուրս էին գալիս կինոդահլիճից: Մեկ հոգու պատմության մեջ բացեց 113-ի պատմությունը: Նրանցից յուրաքանչյուրը մեր մեջ ինչ-որ բան է թողել:
-Բոլորի հարազատնե՞րն են եկել ֆիլմի դիտմանը:
-Շատ հարազատներ են եկել, ընտանիքի անդամներ: Երբ ինձ մոտենում, գեղեցիկ խոսքեր էին ասում, շատ էի հուզվում, գլուխս կախում էի, քանի որ ինձ մեղավոր էի զգում…
-Ինչպիսին էր Ձեր արձագանքը, երբ մեծ էկրաններին առաջին անգամ տեսաք ֆիլմը:
-Գրկել եմ Ելենա Արշակյանի, արտասվել ու դահլիճից դուրս եկել… Չեմ կարողացել անգամ շնորհավոր բառն ասել: Դժվար է։