Նա իմ առաջին սերն է ու սիրահարվել եմ երախայի պես. Արթուր Պետրոսյան
LifestyleԴերասան Արթուր Պետրոսյանը, ում հեռուստադիտողը ծանոթ է Շանթ հեռուստաընկերության «Լիալուսին», «Քաղաքում» հեռուստասերիալներից, ինչպես նաև «Խաղ իմ կանոններով» և «Իմ փոքրիկ փեսացուն» գեղարվեստական ֆիլմերից, բնույթով 180 աստիճանով տարբեր է իր կերպարային հերոսներից: Orer. am-ի հետ զրույցում վերջինս անկեղծացավ ոչ միայն ստեղծագործական, այլև անձնական և մարդկային հարաբերությունների շուրջ:
-Արթուր, վերջին շրջանում Ձեզ հաճախ ենք տեսնում էկրաններին, ֆիլմերում և սերիալային նախագծերում: Այժմ ինչո՞վ եք զբաղված:
-Թատերական ինստիտուտն ավարտել եմ գրեթե 4 տարի առաջ: Սոս Սարգսյանի կուրսն եմ ավարտել: Երկրորդ կուրսից աշխատում եմ Կամերային երաժշտական թատրոնում: Նաև Էրեբունիի մշակույթի տանն ունեմ թատերական խմբակ: Նկարահանվում եմ գեղարվեստական ֆիլմում, որը Ղարաբաղյան պատերազմի մասին է: Չգիտեմ, թե երբ էկրաններին կլինի:
-Ինչպե՞ս է ֆիլմը կոչվում, ով է նկարահանում:
-Նախնական վերնագիրն է «Երկար վերադարձ»: Սա հայ-ֆրանսիական և հայ- բուլղարական համատեղ արտադրանք է: Իմ հերոսը ֆիդայի է, անունը՝ Գոռ:
-Ֆիլմային այլ զբաղվածություն չունե՞ք:
-Ներկա պահին ոչ: Պրոֆեսիոնալ տեսանկյունից ճիշտ չէ միանգամից մի քանի ֆիլմում աշխատել. ծանրաբեռնվածության արդյունքում որևէ մեկը կարող է տուժել: Կան առաջարկներ, հրավերներ, նկարահանվելու եմ պատմական ֆիլմում, որը ներկայացնելու է 301 թվականի Հայաստանը: Այս ֆիլմի նկարահանումները կսկսվեն ամռան վերջ կամ աշնանը: Սակայն դեռևս փակագծերը չեմ բացի:
-Ձեր էկրանային գործունեությունը ո՞ր տարիքում եք սկսել:
-6 տարեկանից, երբ դպրոց գնացի, ՈՒՀԱ-ի թիմում ընդգրկվեցի: Այնուհետև ներգրավեցին տարբեր նախագծերի մեջ: Նկարահանվել եմ «Եռաֆազ» հաղորդման մեջ, «Երեք ույու չորս» մանկական նախագծում: Այնուհետև սերիալերում եմ հանդես եկել:
-Այժմ սերիալային առաջարկ չունե՞ք:
-Դեռևս ոչ: Ընդհանրապես, ես չեմ մասնակցում քասթինգների: Կարծում եմ, եթե իմ կարիքն ունենան` կասեն, բոլորն էլ իմ տեղը գիտեն, դժվար չէ ինձ գտնելը:
-Այսօր սերիալներում շատ են ոչ դերասանները, ովքեր հաճախ առավել են գնահատվում, քան պրոֆեսիոնալները:
-Հա, բայց էժան են գնահատվում (ծիծաղում է)
-Ասացիք, որ թատերական խմբակ ունեք մշակույթի տանը: Հետաքրքրվա՞ծ են այսօրվա երեխաները թատերարվեստով:
-Իհարկե, շատ շնորհքով երեխաներ ունենք: Այս սերնդի միակ վատ կողմն այն է, որ երբ դերասան ես ասում, իրենք միանգամից սերիալ են պատկերացնում:

-Արթուր, «Խաղ իմ կանոններով» ֆիլմում համասեռամոլի եք մարմնավորում: Հայաստանում, որտեղ հաճախ նույնացնում են կերպարն ու կերտողին, համարձակ քայլ չէ՞:
-Շատ եմ մտածել այդ կերպարի մասին, նույնիսկ վախենում էի: Բոլոր իմ ծանոթները գիտեն, որ ես նման երևույթի դեմ թեժ պայքարողներից եմ: Սակայն չպետք է մոռանալ, որ ես դերասան եմ, դա իմ աշխատանքն է: Ես կերպարին կանխամտածված այնքան էլ «երկնագույն» երանգներ չեմ տվել, գտել եմ ոսկե միջինը: Եթե հանկարծ կերպարը չսիրվեր, ֆիլմը չէր հաջողի, կտուժեր:
-Ֆիլմից հետո պատահե՞լ է, որ դրսում անհարմար իրավիճակում հայտնվեք, ռեպլիկներ հնչեն:
-Ոչ, ես շատ տարբեր եմ այդ կերպարից: Եթե կարողանային որոշակի ընդհանուր շտրիխներ գտնել, գուցե նման խնդիրների մեջ հայտնվեի, բայց ես շատ տարբեր եմ, նույնացնել հնարավոր չէ:
-Ֆիլմի վերջում պարզվեց, որ ամեն ինչ խաղ էր, Ձեր կերպարն իրականում համասեռամոլ չէր: Հատո՞ւկ էր մշակված նման վերջաբանը:
-Սցենարը շատ անգամներ է փոխվել, բազում տարբերակներ են եղել: Վեջում այս տարբերակը ընտրվեց, ինքս էլ սրա կողմնակիցն էի: Ընդհանարպես, ցանկացած դեր փորձում եմ դարձնել իմը, սիրել իմ դերն ու իմ կերպարին, որպեսզի չտուժի աշխատանքս:
-Որպես երիտասարդ դերասան` գո՞հ եք Ձեր կարգավիճակից, ֆինանսական հնարավորությունից:
-Աշխատում եմ երբեք ու ոչնչից չբողոքել: Միշտ ասում եմ՝ Փառք Աստծո, էլի լավ է: Բավարարվում եմ նրանով, ինչ ունեմ:

-Բնույթով լավատե՞ս եք:
-Այո: Դա առաջնահերթ հենց ինձ է օգուտ: Միևնույն է, ապրում ես, ինչո՞ւ լավ չապրես, լավ ու բարի մտքեր չունենաս:
-Բայց լավատես լինել չի նշանակում լավ ապրել:
-Համաձայն եմ, բայց ես դժգոհ չեմ իմ կյանքից: Ապրում եմ այնպես, ինչպես ուզում եմ:
-Կարևորո՞ւմ եք շրջապատի կարծիքը:
-Իհարկե, չի կարելի շրջապատի կարծիքն անտեսել, բայց նաև պետք չէ ապրել այդ կարծիքով: Լսիր, եթե կարող ես մի լավ բան քաղել՝ քաղիր ու անցիր:
-Ուրախ մարդ եք, այո՞:
-Բնականաբար: Ես չեմ սիրում տխուր մարդկանց շրջապատում լինել: Աշխատում եմ, որ իմ ապրած ամեն վայրկյանը հաճելի ու գեղեցիկ լինի, ավելի հետաքրքիր:
-Կարծես թե կարողանում եք խուսափել բամբասանքներից:
-Ես պարզ մարդ եմ, ապրում եմ այնպես, ինչպես կամ: Շինծու ոչինչ չեմ անում, որ կարողանան հետո «ջրի երես» հանել ու բամբասել: Աշխատում եմ սխալներ չանել, որպեսզի հետո պատասխան չտամ:
-Դժվար չէ՞ սխալներից խուսափելը:
-Ոչ այնքան: Եթե ճիշտ արժեքներով ես առաջնորդվում ու ապրում, սխալ թույլ չես տա:
-Ձեր ոլորտում, ասում են, շատ են միմյանց «ոտքի տակ փորում»: Նման երևույթի դեմ ինչպե՞ս եք պայքարում:
-Բոլորն էլ գիտեն, որ ինձ հետ պետք է շատ զգույշ լինեն: Ես չեմ սիրում կապիկություններ, երկերեսանիություն: Ես ուղիղ մարդ եմ ու ինձ հետ չի կարելի երբեք խաղ անել: Երբեք ոչ մեկին չեմ քննադատում և ոչ էլ տեղիք եմ տալիս, որ ինձ քննադատեն: Սիրում եմ պարզ ու անկեղծ հարաբերություններ: Ամեն մարդ թող ապրի իր կյանքով:

-Արթուր, սիրահարվա՞ծ եք:
-Խելագարի պես…Նա իմ առաջին սերն է ու սիրահարվել եմ երախայի պես (ժպտում է):
-Ձեր ասպարեզի՞ց է:
-Կասեմ այսպես՝ արվեստի մարդ է:
-Ինչպիսին է նա, որ Ձեզ այդպես գրավել է: Կա՞ն չափանիշներ, որոնցով առաջնորդվում եք:
-Ինձ պես խենթ է: Իսկ սիրահարված մարդու համար չափանիշներ չկան: Ես դեռ շատ դժվարություններ ունեմ հաղթահարելու…
-Խանդո՞տ եք:
-Ինձ թվում է, սիրող մարդը ոչ թե խանդում, այլ ուղղակի շատ ուշադիր է լինում… Ես չափից շատ ուշադիր մարդ եմ, հատկապես սիրածս անձնավորության նկատմամբ քառակի ուշադիր կլինեմ:
-Խեղճ աղջիկ…
-Չէ, ես միշտ նրա կողմից եմ լինելու:
-Սիրած անձնավորության համար խենթությունների պատրա՞ստ եք:
-Այո, ես խենթություններից չեմ վախենում: Միակ բանը, որից վախենում եմ` բարձրությունն է, տանիքից հաստատ չեմ իջնի:
-Ի՞նչը չեք ների:
-Դավաճանությունն ու սուտը, ուրիշ ոչինչ… Դա, կարծում եմ, ոչ ոքի հաճելի չէ:
-Կպատմե՞ք Ձեր ընտնիքի մասին:
-Ընտանիքումս բոլորը վարսավիրներ են: Ունեմ հայր, մայր, երեք եղբայր ու երեք հարսիկ: 7 հրաշքների հորեղբայր եմ: Այնպես որ մեծ ընտանիք ունենք:
-Բոլորդ միասի՞ն եք ապրում:
-Ոչ, եղբայրներս առանձին են ապրում, ես՝ ծնողներիս հետ:
-Երևանի՞ց եք:
-Բնիկ:
-Կարծեք թե աստղային հիվանդությամբ չեք տառապում: Այս դարի դերասան չեք:
-Ես իմ ու իմ հանդիսատեսի համար եմ աշխատում: Չեմ մտածում, որ պետք է գնամ բաղնիք, սելֆի անեմ, գցեմ սոցցանց ու աղմուկ հանեմ:
Նելլի Մարգարյան