Կին պատգամավորների անդրադարձը Շուշիի ազատագրման տոնին
SocietyՇուշիի ազատագրման փառահեղ տոնի առթիվ Orer.am-ը զրուցեց ՀՀ Ազգային ժողովի կին պատագամավորների հետ:
Ըստ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանի՝ այս օրը նորանկախ Հայաստանի ամենապայծառ, ամենավսեմ եւ ամենակարեւոր տոնն է: «Մենք այնպիսի հաղթանակ ենք տարել եւ այնպիսի կարեւոր ձեռքբերում ենք ունեցել, որի մասին միշտ պետք է հիշենք եւ հպարտանանք: Կարծում եմ, որ մեր հայ ազգը պետք է չափից դուրս շատ գնահատի այս հաղթանակը եւ այն խաղաղությունը, որը մենք հիմա ունենք: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր նպատակները, այդ թվում՝ Արցախի հարցը, հասցնենք ավարտին»:
Պատգամավորը նաեւ նկատեց, որ այս հաղթանակով մենք աշխարհին ապացուցել ենք, որ խրոխտ ժողովուրդ ենք եւ կարող ենք ձեռքբերումներ ունենալ. «Հաղթանակների պատասխանատվությունը մենք պետք է կարողանանք մեզ վրա վերցնել եւ պատվով հաղթահարել բոլոր այն դժվարությունները, որոնք, չնայած կանգնած են մեր ճանապարհին, բայց մեզ բերելու են մեր նպատակների իրականացմանը»:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի համար էլ Շուշիի ազատագրումը մեր բոլոր հաղթանակների գագաթնակետն է իր տեսակով եւ իրականացրած օպերացիայով. «Այս հաղթանակը ցույց տվեց մեր զենքի, բազկի, մտքի եւ միասնականության ուժը: Դարեր շարունակ կրելով կորուստներ՝ մենք կարողացանք փայլուն հաղթանակ տանել եւ ազատագրել Շուշին: Սա ամենահիշարժան օրերից մեկն է, որով մենք դեռ երկար ժամանակ հպարտանալու ենք, սակայն կուզեի, որ դա մեր եզակի հաղթանակներից մեկը չլինի, որպեսզի մեր ժողովուրդն այդ ոգին իր մեջ երկար պահի: Մեր հաղթանակով մենք ապացուցեցինք, որ այո’ մենք կարող ենք հետ վերցնել մեր տարածքները, դեռ մի բան էլ ավել, կարող ենք պահել: Ես մեր իշխանություններին իմաստություն եմ մաղթում, որպեսզի մենք կարողանանք այնպիսի դիվանագիտություն վարել, որ հետ վերցրած պատմական հայրենիքի մի մասնիկը չլինի վերջին ձեռքբերումը: Մենք պետք է հետեւողական լինենք եւ մեր հաղթանակը տարածենք Արեւմտյան Հայաստանի վրա: Իհարկե, դա մի փոքր երազանքների ոլորտից է, սակայն եթե չերազես, երբեք չես հասնի քո նպատակներին»,- ընդգծեց պատգամավորը:
Դե իսկ ՀՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր Մարգարիտ Եսայանն էլ գտնում է, որ Արցախյան պատերազմը հայ ժողովրդին պարտադրված պատերազմ էր. «Դա պարտադրված պատերազմ էր, սակայն մեր ժողովուրդն այնքան կամք ունեցավ եւ այնքան ուժ գտավ իր մեջ, որ կարողացավ հաղթել եւ ազատագրել պատմական իր տարածքները: Շուշիի ազատագրումը ես համարում եմ վերջին հիսուն-հարյուր տարիների հայ ժողովրդի ամենամեծ հաղթանակը, որովհետեւ այդ ժամանակ մենք դեռ չունեինք կազմավորված բանակ եւ նոր էինք անկախացել: Այդ իրավիճակում մեծ հերոսություն էր հաղթել պարտադրված պատերազմում եւ ազատագրել Շուշին: Ես ամեն անգամ հպարտանում եմ եւ կարծում, որ պատմության մատն այս հաղթանակում խառն է, որովհետեւ, երբ նայում էիր ե’ւ մարդկային, ե’ւ ռազմական ռեսուրսներին, մտածում էիր՝ անհնար է, որ մենք պատերազմում կհաղթենք: Բայց մենք հաղթեցինք ու ոչ թե ռազմական ռեսուրսով, այլ հաղթեցինք հայկական գենով: Ուզում եմ ասել, որ այսուհետ այսպես է լինելու: Մեր ձեռքբերումը մենք պետք է պահենք ու պահպանենք, որովհետեւ դա մեր հետագա հաղթանակների ամենակարեւոր եւ ամենալուրջ գրավականն է»:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավորն Զարուհի Փոստանջյանն էլ, անդրադառնալով տոնի եւ սերունդների համար դրա կարեւորությանը, նշեց. «Այս տոնը սերունդների համար շատ մեծ նշանակություն ունի, քանի որ այն շրջադարձային եղավ հայ ժողովրդի համար: Սա ազատագրման հաղթանակ էր, որը, կարծում եմ, դեռ պետք է շարունակել եւ ոչ թե դրանով սահմանափակվել»:
Սոսե Չանդոյան