Առանց պաշտոնական Դամասկոսի հետ համագործակցության որևէ գործողություն հաջողված չի կարելի համարել. Ա. Փաշայան
InterviewԱռաջին հայացքից թվում էր, թե սիրիական ներքաղաքական խնդիրները հենց երկրի ներսում էլ կլուծվեն: Որոշ ժամանակ անց, սակայն, պարզ դարձավ, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին «պերսոնա նոն-գրատա» հայտարարելն ու նրան Արևմուտքի քիմքին հարմար մեկ այլ անձով փոխարինելը հեշտ գործ չէ: Գերտերությունների կողմից սկսված Սիրիայի նախագահի պաշտոնանկության հարցը սկզբում վերածվեց սիրիական պատերազմի, հետո տարածվեց: Ոչ միայն մեծացավ պայքարի աշխարհագրությունը, այլև 180 աստիճանով փոխվեց պայքարի բնույթը և այն վերածվեց տարածաշրջանին, աշխարհին ու ողջ քաղաքակրթությանը սպառնացող ճգնաժամի: Արդյունքում Արևմուտքի ցանկությունը ոչ միայն մնաց հենց ցանկության տիրույթում, այլև պարզ դարձավ, որ իր կողմից ծնած, սնած և շշից բաց թողած ջինը կառավարելը ոչ միայն թանկ հաճույք է, այլև անհնարին: Աշխարհին սպառնացող նոր աղետից խուսափելու համար մեծ խաղին խառնված Ռուսաստանը կարծես որոշ առումով կարողացավ մի կողմից զսպել իսլամիստ գրոհայինների ախորժակը, մյուս կողմից «օգնեց», որ «իրերը» մասամբ իրենց տեղը գտնեն:
Մերձավոր արևելքում տիրող ներկայիս իրավիճակի մասին է Orer.am-ի թղթակցի զրույցը արաբագետ Արաքս Փաշայանի հետ:
- Ռուսաստանի ակտիվացումը բավականին թուլացրեց Մերձավոր արևելքի լարվածությունը: Կարելի՞ է ասել որ «Իսլամական պետություն» խմբավորման առաջխաղացումն իրականում կասեցվել է:
- Ռուսական ավիահարվածներն ուղղված են եղել թե՛ «Իսլամական պետության», թե՛ «Ջաբհաթ ալ-նուսրայի», «Ահրար ալ-Շամի» և այլ հարակից կառույցների դիրքերին: Թեև արմատական փոփոխություններ դեռ չեն եղել, սակայն դրանք օգնել են սիրիական բանակին իր առաջխաղացումներում: Բացի այդ, որոշակիորեն փոխվել են սիրիական հարցի շուրջ աշխարհաքաղական իրողությունները: Ռուսաստանը կարողացել է մարտահրավեր նետել Միջին արևելքում ամերիկյան հեգեմոնիային:
- Այսինքն՝ արդյո՞ք ԻՊ-ի վտանգավորության աստիճանը հնարավոր կլինի հասցնել մինիմումի և արդյո՞ք կարելի է սիրական ճգնաժամը լիարժեք հաղթահարելի համարել:
- «Իսլամական պետությունը» ահաբեկչական կազմակերպություն է, որը լուրջ սպառնալիք է ոչ միայն Մերձավոր արևելքի, այլև միջազգային անվտանգության համար: Դրա ստեղծման և հետագա ընդլայնման համար պատասխանատվություն են կրում մի շարք պետություններ: Հարկ է նկատի ունենալ, որ ԻՊ-ին չեզոքացնելու համար մեծ ռեսուրսներ են պետք, քանի որ այդ կառույցն այլևս ինքնաբավ է, ունի գոյատևելու և առաջ շարժվելու իր սեփական միջոցները: Ոչ պակաս կարևոր է միջազգային ջանքերի համատեղում, սակայն, թե որքանով դա հնարավոր կլինի, պարզ չէ, քանի որ խնդրի վերաբերյալ ռուսական և ամերիկյան դիրքորոշումների մեջ լուրջ տարաձայնություններ ու հակասություններ կան: Ամեն դեպքում, շատ կարևոր է Դամասկոսի հետ համագործակցությունը: Առանց պաշտոնական Դամասկոսի հետ պայմանավորվելու որևէ գործողություն հաջողված չի կարելի համարել: Իսկ վտանգները նվազեցնելը միայն ժամանակավոր լուծում է: Այսօր կան միջազգային ուժեր, որոնք շահագրգռված են ԻՊ-ի գոյությամբ, այնպես որ այդ ուժի դեմ պայքարը երկարատև բնույթ է կրելու:
- Այս համատեքստում Արևմուտք-Ռուսաստան ազդեցության գոտիներում հնարավոր ի՞նչ նոր վերադասավորումներ և հնարավոր փոփոխություններ կարող են լինել:
- Հարկ է նկատել, որ ռուսական ներգրավվածությունը ինչ որ իմաստով հավասարակշռեց միջազգային ներգավվածությունը: Կարծում եմ՝ Ռուսաստանի ջանքերով Բաղդադում ստեղծված Կոորդինացիոն կենտրոնը, որի մաս են կազմում Սիրիան, Իրանը, Իրաքը և Ռուսաստանը, շահեկան է լինելու տարածաշրջանային ահաբեկչության դեմ պայքարելու համար: Սիրիկան թնջուկը, սակայն, դեռ երկար ժամանակ կմնա չհաղթահարված:
Արմինե Գրիգորյան