Ինչու՞ են իրականում մարդիկ վաճառվում կամ մի կտոր հաց տամ՝ (...)
PoliticsՈրքան մոտենում է սահմանադրական հանրաքվեի օրը, այդքան բազմապատկվում են խոսակցություններն ընտրակեղծիքների, ընտրակաշառքների և այլնի շուրջ: Քիչ չեն սոցիալական գովազդները կամ հորդորները, թե ընտրակաշառք մի վերցրեք: Սոցցանցերում օգտատերերից ոմանք անգամ հրապարակային հայհոյանք-երդումներ են դնում ընտրակաշառք վերցնողների նկատմամբ (նման վերաբերմունքով ոչնչով չեն տարբերվում ընտրությունը կեղծել պատրաստվողների գաղափարաբանությունից): Հետայսու սին են նաև այն պնդումները, թե մի վաճառիր երեխաներիդ ապագան հինգ հազար դրամով: Մի ժամանակ ես էլ էի չափազանց լուրջ վերաբերվում ընտրակաշառք երևույթին (չկարծեք, թե հիմա վերաբերմունքս փոխել եմ, բայց փորձենք հասկանալ):
Ընտրակաշառք վերցնողներ կլինեն Հայաստանում այնքան ժամանակ, քանի դեռ տիրապետող է սոցիալական այս վիճակը: Ոչինչ չի փոխվի, քանի դեռ շատ ու շատ ընտանիքների համար այդ հինգ հազարը օրվա հացի կամ ամսվա լույսի վարձի մի մասի լուծումն է: Մարդիկ թքած ունեն իրենց երեխաների ապագայի վրա էլ, պետության ապագայի վրա էլ: Ու այստեղ մարդ-պետություն հարաբերակցությունը աշխատում է ճշգրիտ մեխանիզմի նման: Բացատրեմ, թե ինչպես: Տնտեսագիտության մեջ ընդունված է, որ ընթացիկ (կարճաժամկետ հատվածում) խնդիրների հախուռն և արագ կարգավորումը հանգեցնում է բարդությունների երկարաժամկետ հատվածում: Հիմա ի՞նչ է անում մեր կառավարությունը կամ ի՞նչ են արել նախորդները: Հաջորդ ամսվա թոշակները կամ աշխատավարձերը տալու համար ինչ տեսակի վարկ ասես չեն վերցրել, հայտնի վարկատեսակներից միայն բնակարանի վերանորոգման վարկ չեն կարողացել վերցնել, այն էլ կվերցնեին, եթե, ասենք, Համաշխարհային բանկին կարողանային համոզեին, որ ամբողջ 30.000 քկմ-ով Բաքսի են տեղադրելու: Ու ի՞նչ: Երկարաժամկետ հատվածում ազգս տվայտվելու է վարկերի բեռի տակ ու վաղուց արդեն համաշխարհային վարկային շուկայում սև ցուցակում ենք: Իհարկե, նման գործելաոճ որդեգրած կառավարություններին բացարձակ չի հետաքրքում, թե հետո ով է տալու այդ վարկերը: Կարևորը՝ օրվա հարց լուծեն ու սոցիալական բունտ չառաջանա:
Հիմա նույն մտայնությունն է նաև հինգ հազար վերցնողի մոտ, ում բացարձակ հետաքրքիր չէ, թե միջնաժամկետ կամ երկարաժամկետ հատվածում ով կբռնաբարի իրեն: Միևնույնն է, ինքը բռնաբարվողն է, ու իրենից անցնում է բռնաբարվելը: Մնացածն արդեն մի քիչ կոպիտ, թե մի քիչ մեղմ` իրերի էությունը չի փոխում: Իր համար կարևորն այն է, որ երեք կամ հինգ տարվա կտրվածքով ինքը կամ իր երեխան մեկ օր կուշտ մտավ անկողին, ու ինքն էլ այդ կերպ լուծեց իր սերունդի առջև ծառացած կենսական խնդիրը: Իհարկե, այստեղ տեղին կլիներ հիշատակել հայկական ավանդական փողոցային առածն առ այն, թե մի կտոր հաց տամ …, բայց կխուսափենք նման կոշտ բնութագրումներից:
Հետաքրքիր է նաև մեկ այլ մոտիվացիա, որը ստիպում է մարդկանց կաշառք վերցնել, տվյալ դեպքում` ընտրակաշառք: Մարդիկ ընտրակաշառք վերցնում են թեկուզ և այն բանի համար, որ իրենց քուչի Կուռաժ Աբուլիկի մոտ ընդդիմադիրի կամ քաղաքացու տպավորություն չթողնեն, թե չէ քի՞չ փորձանք կարող է գալ դրանից հետո:
Կաշառքը կա այնքան ժամանակ, որքան կա մարդկային հասարակությունը, իսկ Հայաստանում կլինի այնքան ժամանակ, քանի դեռ, ինչպես վերը նշվեց, կա այս սոցիալական վիճակը, տիրապետող է այս օրերի անկիրթ գաղափարաբանությունը, քանի դեռ մարդիկ ընտրության են գնում ոչ թե գիտակցված ու ծրագրերի համար, այլ հինգ հազարի և ասֆալտ փռելու ջրբաժանից ելնելով:
Վահրամ Թոքմաջյան
Orer.am, վերլուծաբան