Կարատե. մարտարվե՞ստ, թե՞ փիլիսոփայություն. «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է.
Կարատեն ճապոնական մարտարվեստ է, որը հիմնված է ձեռնամարտի համակարգի, պաշտպանության և հարձակման դոկտրինի վրա։ Տիրապետելով կարատեի արվեստին՝ մարդիկ սովորում են ոչ այնքան հարվածներ տալ ու հարվածներ պահել, որքան ներդաշնակություն գտնել իրենց, բնության հետ, ուժեղացնել ոգին, բացահայտել իրենց մեջ նոր հնարավորություններ։ Կարատեն փիլիսոփայություն է, ապրելակերպ։ Ճապոնիայում զինված ուժերի և ոստիկանության անդամները պարտավոր են տիրապետել կարատեի արվեստին: Կարատեն կոփում է մարմինը, մարզում միտքն ու կամքը, հնարավորություն է տալիս գտնել ինքն իրեն և ճանաչել աշխարհը։ Կարատեն հիմնված է ոչ բռնության հայեցակարգի վրա:
Կարատեի որոշ դպրոցներում աշակերտները երդվում են չօգտագործել իրենց գիտելիքները մարդկանց վնասելու համար: Կարատեի ծագման մասին պատմական տեղեկություններ և փաստեր չկան, սակայն կան բազմաթիվ լեգենդներ այն մասին, թե որտեղ և երբ է առաջացել այդ մարտարվեստը։ Ըստ լեգենդներից մեկի, կարատեի հիմնադիրը Բոդհիդհարման է (հայտնի է նաև որպես Դարումա)։ Նա եղել է Զեն բուդդայական աղանդի հիմնադիրը և ստեղծել է ֆիզիկական վարժությունների որոշակի համադրություն՝ ոգին ու մարմինը ամրացնելու համար, որն էլ դարձել է կարատեի հիմքը։ Բոդհիդհարման գնացել է Չինաստան բուդդայականությունը տարածելու համար։ Որոշ ժամանակ թափառելուց հետո նա բնակություն է հաստատել Շաոլինի վանքում։ Այստեղ նա իր ուսանողներին սովորեցրել է համբերության, տոկունության, ճկունության և ճարտարության արվեստը, մարզումների ու մեդիտացիաների միջոցով ամրացրել մտքի և մարմնի ուժը:
Հետագայում այդ վարժությունները առաջադիմել են, կատարելագործվել և հայտնի դարձել որպես Շաոլին վանքի մարտարվեստ: Հետագայում Շաոլինի մարտարվեստը տարածվել է ողջ Չինաստանում և Արևելքում։ 1392 թվականին չինացի գաղութարարները ժամանել են Օկինավա՝ Ռյուկյու արշիպելագի կղզու մայրաքաղաքը, որպեսզի տեղի բնակչությանը փոխանցեն տպագրության, նավիգացիայի և այլնի մասին գիտելիքները։ Չինացի գաղութարարները տեղացիներին ծանոթացրել են նաև Շաոլին վանքի մարտարվեստին։ Եվ այդ կղզում չինական մարտարվեստը, միաձուլվելով կռվի տեղական տեսակների հետ, բացել է նոր, ավելի առաջադեմ ուղղություն։ Բանն այն է, որ Ճապոնիայում այն ժամանակ արգելված էր զենք օգտագործել, և կարատեն էր դարձել ինքնապաշտպանության միակ միջոցը։
Դրա տեխնիկան փոխանցվել է սերնդեսերունդ։ Մահաբեր ուժի պատճառով իշխանությունները սկսել են ճնշել ու հալածել բոլոր նրանց, ովքեր տիրապետում էին դրան, և նրանք փախել են սարերը։ Մարտարվեստը փոխանցվել է հորից որդի և դարձել յուրաքանչյուր վարպետի գաղտնիքը: Մեկ այլ լեգենդի համաձայն, 15-րդ դարում Չինաստանը գրավել է Օկինավան և կղզի բերել չինական բռնցքամարտը։ Որոշ ժամանակ անց ճապոնացի զինվորներն են գրավել Օկինավան՝ իրենց հետ բերելով ըմբշամարտի իրենց ժողովրդական տեսակները։ Երբ տեղի բնակչությունը ապստամբել է, Ճապոնիայի իշխանությունները հրամանագիր են արձակել, որով արգելվում էր զենք կրելը հասարակ մարդկանց կողմից։ Չինական բռնցքամարտի և ճապոնական ըմբշամարտի խառը ոճն օգնել է բնակիչներին պաշտպանվել առանց զենքի: 19-րդ դարում Օկինավան դարձել է Ճապոնիայի պրեֆեկտուրա։
Բանակ հավաքագրելիս նկատելի էր, որ կղզու ժամկետային զինծառայողները կանոնավոր կարատեի պարապմունքների շնորհիվ ֆիզիկական լավ վիճակում են գտնվում։ Մինչև 1921 թվականը Ճապոնիայում կարատեն մնում էր մարտարվեստի անհայտ տեսակ, և միայն Օկինավայից վարպետ Գիչին Ֆունակոշիի շնորհիվ են ճապոնացիները ծանոթացել կարատեի հետ։ Ֆունակոշին Օկինավա կղզու քոլեջի պրոֆեսոր էր և բոլորին ծանոթացրել է կարատեին Տոկիոյում մարտարվեստի ցուցադրությունների ժամանակ: Կարատեի տեխնիկան ապշեցրել է բոլորին, և նրան առաջարկել են մնալ և կարատե դասավանդել Տոկիոյում։ Ֆունակոշին սկսել է մարտարվեստ դասավանդել համալսարաններում և 1936 թվականին Ճապոնիայում հիմնել է կարատեի դպրոցը՝ Շոտոկանը:
ԽՍՀՄ-ում կարատեի առաջին դպրոցը բացվել է 1969 թվականին։ Բայց այդ մարզաձևը լայն տարածում գտել է միայն 1991 թվականին։ 2017 թվականին կարատեն պաշտոնապես ընդգրկվել է ամառային օլիմպիական խաղերի ծրագրում։ Ներկայում այդ մարտարվեստի որոշ ժամանակակից դպրոցներում կարատեն սերտորեն փոխկապակցված է կրոնի հետ, սակայն ուժեղ կախվածության մասին խոսք չկա։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում