Ընդհանրապես որևէ պետության ներքին քաղաքականությունը ձախողած, տնտեսական անարդյունավետ ռեֆորմներ իրականացրած և, իհարկե, ժողովրդական լայն զանգվածների մոտ բողոք և իշխանությունների փոփոխության անհրաժեշտություն առաջացրած առաջնորդները կամ քաղաքական թիմերը, գրեթե միշտ դիմել են մի մեթոդի, որը, իհարկե, նրանց կա՛մ մեծ ժողովրդականություն է բերել` մոռացության մատնելով ձախողումները, կամ էլ՝ վերջնականապես տապալել:
Խոսքն արտաքին քաղաքականության մեջ շոշափելի հաջողությունների և նույնիսկ որոշ դեպքերում ռազմական ագրեսիա իրականացնելու մասին է: Նման քայլի ժամանակին դիմել է Մարգարետ Թետչերը` սանձազերծելով Ֆոլկլենդյան կղզիների հակամարտությունը: Նշենք, որ Թետչերի գլխավորած կառավարությունը ձախողել էր իր առջև դրված մի շարք կնճռոտ սոցիալ-տնտեսական խնդիրների կարգավորումը, որի արդյունքում Լոնդոնի փողոցներում բախումներ էին սկսվել ոստիկանական ուժերի և բազմահազար ցուցարարների միջև: Բայց, ինչպես տեսնում ենք, Մեծ Բրիտանիայի վարչապետը պատմության մեջ մնաց «Երկաթյա Լեդի» անվամբ՝ Խորհրդային Միության դեմ իրականացվող վճռական և անզիջում քաղաքականության և Ֆոլկլենդյան կղզիների բռնազավթման արդյունքում: Փաստենք, որ գրեթե նույն խնդիրն իր առջև դրել էր նաև Արգենտինայի զինվորական վերնախավը: Կարող ենք բերել նաև Պակիստանի օրինակը Զիա-ուլ-Հակի օրոք և այսպես շարունակ:
Եվ այսպես, համաշխարհային քաղաքական պրակտիկայում բավականին տարածված վերը նշյալ մեթոդը մի՞թե հնարավոր չէր գործարկել նաև Հայաստանի պարագայում: Իհարկե, նմանատիպ հնարավորություններ ՀՀ-ն բազմիցս ունեցել է, բայց, ինչպես տեսնում ենք, ժամանակի ընթացքում դրանք նույնպես հօդս ցնդեցին: Ներքին քաղաքականությունն ոտքից գլուխ ձախողած և ժողովրդին հարստահարած իշխանությունները կարող էին.
Հայ-թուրքական փոխհարաբերությունները տեղափոխել որակական այլ փուլ` ստեղծելով բավականին շահեկան պայմաններ հետագա համագործակցության համար: Բայց, ինչպես տեսնում ենք, ՀՀ-ն ջախջախիչ պարտություն կրեց ֆուտբոլային դիվանագիտության և հայ-թուրքական արձանագրությունների արդյունքում: Իսկ այս ամենը հանգեցրեց ՄԱԿ-ի ամբիոնից չթիրախավորված ելույթի և դեռահաս աղջիկների վիրտուալ հակամարտություն հիշեցնող նամակագրության:
Ադրբեջանի դեմ իրականացնել կոշտ դիվանագիտական և քարոզչական քաղաքականություն, որի արդյունքում կկանխվեին անդառնալի մարդկային կորուստները, իսկ սահմանները կլինեին առավել ապահով և անվտանգ: Արցախյան հակամարտության վերաբերյալ, թերևս, շատ բան կարելի է ասել, բայց սահմանափակվենք նրանով, որ ՀՀ-ի եվրասիական արկածները կարծես թե հանգեցնում են Մինսկի խմբի լուծարմանը, որի արդյունքում ստեղծված փակուղային իրավիճակը կարող է վերածվել անկառավարելի քաոսի:
Կանխել Ռուսաստանի ազդեցության այդչափ մեծացումը: Եթե Թուրքիան և Ադրբեջանը հանդիսանում են բացահայտ թշնամիներ, ապա Ռուսաստանի հետ փոխհարաբերություններն, ի տարբերություն առաջինների, դժվար տեսանելի են և, ըստ էության, քողարկված բնույթ են կրում: Հայաստանի Հանրապետությունը ռուսական ազդեցությունը երկրում նվազեցնելու փոխարեն, ընդհակառակը՝ ամեն կերպ Երևանում ուժեղացրեց ՌԴ-ի ներկայությունը, ամենայն հավանականությամբ, սեփական իշխանության հարատևությունն ապահովագրելու նպատակով: Այս ամենի արդյունքում Հայաստանն իր ռազմավարական բոլոր խաղաքարտերը զիջեց ռուսներին, որի արդյունքում սկսվեց ինքիշխանության կորստի աստիճանական գործընթացը, որը ներկայումս նույնպես ընթացքի մեջ է:
Այստեղ հարց է առաջանում` ներքին և արտաքին քաղաքանությունն ոտքից գլուխ ձախողած իշխանություններին ի՞նչն է մղում շարունակելու կառավարել երկիրը, ո՞րն է նրանց գաղափարական հիմքը, եթե չկան նույնիսկ փոքրիկ ձեռքբերումներ: Հայաստանում ապրող մարդիկ կորցրել են տարբեր երևույթներին համարժեք արձագանքելու իրենց պայմանական ռեֆլեքսները և բնազդները, այլ դեպքում՝ այս նվաստացուցիչ իրավիճակը չէին հանդուրժի:
Կարպիս ՓաշոյանOrer.am, վերլուծաբան