Վերջին օրերին ակտիվացել են Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու մասին խոսակցությունները: Որքանո՞վ է այդ հնարավորությունն իրատեսական. Orer.am-ի զրուցակիցն է Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանը:Ռոբերտ Քոչարյանի վերջին օրերին աննախադեպ ակտիվություն է ցուցաբերում՝ հարցազրույց, այնուհետև նրա ոչ պաշտոնական կայքի կողմից պատրաստված ֆիլմ՝ 60-ամյակի առիթով: Արդյո՞ք սա ակնարկ է՝ մեծ քաղաքականություն հետվերադարձի և նախագահական հավակնությունների մասին:
Ես առանձնապես հակված էլ չեմ մտածելու, որ Քոչարյանը երբևիցե դուրս է մնացել մեծ քաղաքականությունից: Գոնե Հայաստանում հսկայական կապիտալ ունեցող որևիցե մեկը չի կարող դուրս մնալ մեծ քաղաքականությունից, իսկ Քոչարյանն առավել ևս: Ինչ վերաբերում է նախագահական ամբիցիաներին, ապա ինչու՞ ոչ, նա կարող է հանգիստ նման փորձ անել: Եթե չկա այս իշխանությունների կողմից նրա կառավարման տարիների քաղաքական գնահատականը, եթե բոլոր այն վատ երևույթները, որոնք կային վերջինիս 10 տարիների նախագահության ընթացքում, չլուծվեցին այս տարիներին, եթե չբացահայտվեցին տասնյակ աղմկահարույց հանցագործությունների կատարողներն ու պատվիրատուները, ապա, բնական է, որ Քոչարյանը շատ հանգիստ վերադառնալու ցանկություն կունենա: Այլ խնդիր է, թե ինչպես կընդունի նրան Հայաստանի Հանրապետության քաղաքացին: Վստահ եմ, որ առնվազն ոչ բարյացկամ:
Ինչպե՞ս եք գնահատում Քոչարյանի իշխանավարման տարիներն ընդհանրապես և համաձա՞յն եք այն կարծիքի հետ, որ Քոչարյանի շնորհիվ Հայաստանը ծաղկում էր այդ տարիներին:
Կարծում եմ, որ պաշտոնաթող նախագահն իր գնահատականներում առնվազն ազնիվ չէ: Երբ նա կամ իր PR թիմի ներկայացուցիչները խոսում են այդ տարիներին երկրում արձանագրված տնտեսական աճի մասին, ապա հանուն արդարության պետք է նաև հիշեին և ազնվորեն խոսեին կեղծված նախագահական և խորհրդարանական ընտրությունների, ապրիլի 12-13-ի, մենաշնորհների հաստատման, օլիգարխիայի՝ իբրև ինստիտուտ կայացման, տասնյակ աղմակահարույց և դեռևս չբացահայտված հանցագործությունների մասին: Երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակային քաղաքականություն վերադարձավ, նա հանդես եկավ հրապարակային հաշվետվությամբ իր արած-չարածի համար, այլ խնդիր է, թե ով որքան արժանահավատ համարեց նրա խոսքերը: Քոչարյանի 10 տարվա իշխանության օրոք երկրի հարստությունները վաճառվեցին օտարին, սոցիալական անարդարությունն էլ ավելի մոլեգնեց, օլիագարխիան և նրանց ավազակախմբերը դարձան հասարակական կյանքի տեր և տիրական: Կարծում եմ, որ նախագահ Քոչարյանի գրասենյակը նաև այս և նմանատիպ հարցերին պետք է պատասխանի: Միայն մի քանի արտադրամաս բացելով չէ երկրում առաջընթաց գրանցվում: Մամուլի ազատությունը ցանկացած երկրի առաջընթացի գրավականներից է, իսկ եկեք հիշենք, թե ինչ ողբալի վիճակում էր մամուլն այդ տարիներին: Երկրի միակ անկախ հեռուստաընկերությունը փակվեց հենց իշխանություններին ոչ հաճո հաղորդումներ ներկայացնելու համար: Սրանք հարցեր են, որոնց պատասխանը ժողովուրդը շատ լավ գիտի, բայց արդյո՞ք գիտակցում է նաև նախկին նախագահը: Հարցս, բնականաբար, հռետորական էր:
Ըստ Ձեզ՝ ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի վերջին ջերմացումները Քոչարյանի հետ կփլուզե՞ն քառյակի խորհրդարանական ձևաչափը:
Որքան էլ տարօրինակ է, խորապես համոզված եմ, որ ոչ: Թերևս միայն «Ժառանգության» մասով նման կասկած կարելի է հայտնել: Անգամ Հայ ազգային կոնգրեսը, որի հիմնական բոլոր անդամները Քոչարյանի իշխանության ամենախիստ քննադատները, եթե ոչ թշնամիներն էին, իրենց վերջին 3 տարվա պահվածքով ցույց տվեցին, որ անկյունադարձորեն փոխել են իրենց համոզմունքներն ու գաղափարները, որի հետևանքով էլ ՀԱԿ-ը լքեցին բազմաթիվ կուսակցություններ՝ այդ թվում նաև Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը, «Հանրապետությունը» և այլն: Միշտ ասել ենք, մեկ անգամ էլ չեմ զլանում ասել, ՀԱԿ-ը դարձել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքագիտական վերլուծությունների խմբակը, իսկ թե ում նախագիծը կամ քաղաքական հենարանն է ԲՀԿ-ն՝ կարծում եմ՝ բոլորս էլ գիտենք: Առանձնապես չեմ էլ զարմանա, եթե մի օր Քոչարյանին և Տեր-Պետրոսյանին տեսնեմ նույն հարթակում՝ «ավազակապետական ռեժիմը» տապալելու կոչեր անելիս: Մի՞թե քիչ են մեր իրականությունում նման դրսևորումներ: