Եվրատեսիլ 2015. մեր շանսերն ու մրցույթի ֆավորիտները
LifestyleՔիչ անց Վիեննայում տեղի կունենա «Եվրատեսիլ 2015» մրցույթի եզրափակիչ փուլը: Հիշեցնենք, որ այս տարի Հայաստանը մրցույթին ներկայացնում է «Geneology» խումբը՝ «Face the Shadow» երգով: Orer.am-ի զրուցակիցները կիսվել են «Geneology»-ի ներկայացրած երգի, նրանց ելույթի և հավակնությունների մասին տպավորություններով,ինչպես նաև ներկայացրել իրենց ֆավորիտ երգերը:
Երգչուհի Ալին Գոյանը նշեց. «Առաջին կիսաեզրափակչից տպավորություններս դրական էին, որովհետև զգացվում էր, որ մասնակիցները հաղթահարել էին հուզմունքը և միասին կարողացան լավ հանդես գալ: Ի վերջո՝ դա նոր ստեղծված խումբ է, որտեղ վոկալիստներն առաջին անգամ էին իրար հետ ելույթ ունենում: Կարծում եմ՝ բավականին հաջողված և զգացմունքային ելույթ էր: Չեմ կարծում, որ մեր խնդիրը այս անգամ ինչ-որ հորիզոնականներ զբաղեցնելն է, որովհետև երգն ունի շատ հստակ հաղորդագրություն, հստակ իմաստ: Այս անգամ մեր ելույթը նպատակ է հետապնդում աշխարհին հասցնել այս հաղորդագրությունը: Կարծում եմ, որ մենք արդեն հաղթել ենք՝ անկախ արդյունքից»։ Խոսելով այս տարվա ֆավորիտների մասին՝ Ալին Գոյանն ասաց. «Հետևելով տարբեր գրառումներին՝ տեղյակ եմ,որ ֆավորիտ են համարվում Ռուսաստանի, Էստոնիայի մասնակիցները:Ես նույնպես համաձայն եմ այդ տեսակետների հետ»:
Ararat Media Group-ի գլխավոր խմբագիր Ալեն Սիմոնյանն ասաց. «Շատ լավ երգեցին,շատ լավ ելույթ էր, բայց երգն անհաջող է,երևի կապված է նրանից՝ով է այդ երգն ընտրում: Չեմ կարծում, որ 8-ից բարձր հորիզոնական զբաղեցնենք : Ըստ իս՝հաղթողը կլինի կամ Իտալիան, կամ Շվեդիան: Մի քիչ հետո կգնամ և խաղադրույք կկատարեմ Իտալիայի հաղթանակի վրա: Շվեդիայի լուսային էֆեկտներն էին լավը, բայց երգի առումով ավելի դուրս եկավ Իտալիան»:
Երգչուհի,պրոդյուսեր, արվեստի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանի դիտարկամբ՝ կատարումը,շոուն, վոկալը շատ բարձր մակարդակի վրա էին: «Հույսներս այն է,որ սփյուռքը կմիանա և կօգնի մեր խմբին: Պետք է բոլորս միասնական լինենք: Ցավոք,երբեմն չենք կարողանում միասնական լինել: Ֆավորիտների շարքում կարող եմ առանձնացնել Շվեդիան, Ռուսաստանը, Հունաստանը»:
Լևոն Փանոսյան