Բիբինը վախեցա՞վ գալ ԱԺ, թե՞ արհամարհեց պատգամավորներին
ИнтервьюԱյս պահին ՀՀ Ազգային ժոովում ընթանում են խորհրդարանական բաց լսումներ՝ Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման եւ դրա հիմնավորվածության վերաբերյալ: Հարկ է նկատել, որ խորհրդարանում իրավիճակը թեժ է, հիմնական պատճառներից մեկը «մեծն» Բիբինի բացակայությունն է, ով կամ ալարել եւ չի ներկայացել օրենսդիր մարմին կամ էլ փորձել է ընդգծված ձեւով ցույց տալ իր անլուրջ մոտեցումը հարցին:
Նշենք, որ ՀԷՑ-ի տնօրենին խորհրդարանական լսումներին մասնակցելու համար նախապես գրավոր հրավեր է ուղարկվել:
Ստեղծված իրավիճակի եւ Բիբինի պահվածքի հետ կապված՝ Orer.am-ը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ.
-Պարո՛ն Բաղդասարյան, տեսնում ենք, որ ՀԷՑ-ի տնօրեն Եվգենի Բիբինը չի բարեհաճել ներկայանալ ՀՀ օրենսդիր մարմին: Ինչի՞ մասին է վկայում նրա այս քայլը, արդյո՞ք սա արհամարհանք չէ պատգամավորների եւ ՀՀ ԱԺ նախագահի նկատմամբ:
-Պարոն Բիբինին ուղարկված հրավերը կազմակերպվել է շատ պատշաճ կերպով՝ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից: Պետք է ասեմ, որ հրավերը որեւէ արձագանք չուներ մինչ առավոտ, այսօր առավոտյան միայն Բիբինից ստացել ենք գրավոր նամակ, որում նշված է, որ իրենք տվել են բոլոր հարցերի պատասխանները եւ դրանք տեղադրված են կայքերում: Նա ներողություն է խնդրել եւ ասել, որ դրանից ավել բան ասել չեն կարող, այդ իսկ պատճառով նպատակահարմար չեն գտնում ներկայանալ:
Այս ամենից Բիբինն ինքը պետք է հետեւություններ անի, քանի որ այստեղ` կենտրոնական ամբիոնից, պետք է լինեն հարցադրումներ, եւ եթե նրանք չեն ներկայանում, ապա հարցապնդումների եւ հնչեցվող կարծիքների հետ համաձայն են: Իմ կարծիքով՝ քաղաքական տեսանկյունից ճիշտ կլիներ, որ նա ներկա լիներ այստեղ եւ տար իր պատասխանները: Նրանք պետք է ոչ թե պաշտպանվեին, այլ հիմնավորեին, թե որ հարցի հետ են համաձայն, իսկ որի հետ ոչ: Նրանց բացակայությունը երկու բան է նշանակում. կամ այս ամենն իրենց համար մեկ է, կամ իրենք համաձայն են հնչեցված տեսակետների հետ: Նկատենք, որ դա հրավեր էր, եւ նրանք կարող էին ընդունել կամ չընդունել այն, այստեղ պարտադրանք լինել չի կարող, սակայն նորից եմ կրկնում՝ երեւույթը տհաճ է: Ինձ թվում է՝ նախորդ հանդիպման ժամանակ հարցադրումները բավական սուր էին, այդ իսկ պատճառով էլ նրանք այս անգամ խուսափեցին ներկայանալ: Մշտապես ասել եմ, որ փակ, բայց ոչ գաղտնի լսումներն ավելի արդյունավետ են լինում: Անցած անգամ մենք մեզ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները կարողացանք ստանալ:
-Փաստորեն լսումների բաց լինելու պատճառո՞վ Բիբինը խուսափեց ներկայանալ:
-Այդ հարցին իրենք պետք է պատասխանեն, համենայնդեպս, նման կոնտեքստով պատասխան չենք ստացել:
-Իսկ Դուք՝ որպես ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, վիրավորված չե՞ք Բիբինի այս քայլից:
-Անկեղծ կարող եմ ասել, որ նա ավելի շուտ խուսափեց հանդիպումից: Դա տհաճ երեւույթ է: Այս քայլը վկայում է այն մասին, որ նա ասելիք չունի:
Ինչ վերաբերում է առաջացած խնդիրներին, ապա ասեմ, որ մենք մեր կարծիքն արդեն արտահայտել ենք` հայտի մեջ ներկայացված են «աբսուրդներ»: Խոսել ենք նաեւ այն ճոխությունների մասին, որոնք իրենք իրենց թույլ են տվել, ես դա նորմալ չեմ համարում: Եղել են անարդյունավետ ներդրումներ, որոնց հետ մենք համաձայն չէինք: Կան նաեւ կորուստների հետ կապված հարցեր, աշխատավարձերի գերավճարներն եւ նմանատիպ այլ երեւույթներ: Խնդրում կան հարցեր, որոնք իրավապահ մարմիններին են վերաբերում:
-Դուք հույս ունե՞ք, որ պայքարի արդյունքում սակագինը չի բարձրանա կամ գոնե քիչ տոկոսով կավելանա:
-Այն, ինչ հիմնավորված է փաստարկներով, անխուսափելի է, իսկ դրանից ավել թանկացում մենք թույլ չենք տա:
-Օրեր առաջ ՀՀ վարչապետը հաստատեց, որ այո՛, էլեկտրաէներգիայի թանկացում լինելու է, այն էլ մոտ 7 դրամով, իսկ այսօր լսումներ են իրականացվում: Արդյո՞ք լսումները ձեւական բնույթ չունեն:
-Բավական երկար ժամանակ հանձնաժողովն աշխատանքներ է իրականացրել, որի արդյունքում հանգել է եզրակացության, իսկ այսօր լսումներ են իրականացվում, եւ եթե լսումների արդյունքում նոր փաստարկներ լինեն, ապա դա այլ հարց է, այդ պարագայում արդյունքները նորից կամփոփվեն:
-Պարո՛ն Բաղդասարյան, անխուսափելի թանկացումը դեպի ո՞ւր է տանելու եւ ինչի՞ է հանգեցնելու ծանր սոցիալական պայմաններում ապրող ժողովրդին:
-Բնականաբար, թանկացումները չեն կարող լավ բանի հանգեցնել, դրանք կունենան իրենց հետեւանքները: Էկոնոմիկայի նախարարությունը կատարում է հաշվարկները, եւ դրա մասին մենք դեռ կխոսենք: Ես չեմ ցանկանում շտապողականություն ցուցաբերել, համբերենք մինչեւ ամեն ինչ պարզ լինի:
Սոսե Չանդոյան