Ի՞նչ կապ գոյություն ունի Ձեր հասակի եւ սրտի հիվանդությունների միջեւ
Lifestylenews.am-ը գրում է.
Ցածրահասակ մարդկանց մոտ սրտի հիվանդությունների զարգացման հավանականությունը ավելի բարձր է, նշում են գիտնականները: Մինչեւ վերջերս նրանք չէին կարողանում բացատրել այս կապը, սակայն վերջին հետազոտությունները ցույց տվեցին, որ ամեն ինչի մեղավորը մեր գեներն են: Մոտ 180 գեն է պատասխանատու մեր հասակի համար եւ դրանցից ոմանք մարդուն ցածրահասակ են դարձնում, ինչպես նաեւ բարձրացնում անոթները խցանող խոլեստերինի մակարդակը:
Հատկանշական է, որ դա վերաբերվում է ավելի շատ տղամարդկանց, քան կանանց, սակայն դրա պատճառը դեռեւս չի հաջողվել պարզել:
Քլիվլենդի կլինիկան ներկայացնող կարդիովիրաբույժ Մարկ Գիլլինովի համոզմամբ՝ եթե նույնիսկ Դուք ցածրահասակ եք, դա դեռ չի նշանակում, որ անպայման սրտի հետ խնդիրներ եք ունենալու: Ծնողներին եւ գեները, մենք, բժշկի խոսքով, չեն կարող ընտրել, սակայն փոխարենը մեր կենսակերպը ընտրում ենք միայն մենք:
Եթե մարդը ճիշտ սնվի, ֆիզիկապես ակտիվ լինի եւ սթրեսների ազդեցության տակ չընկնի, նա հնարավորինս կապահովագրի իրեն սրտի հիվանդություններից, պնդում է բժիշկը: Ի վերջո՝ սրտի հիվանդությունների զարգացումը ծխելու պատճառով շատ ավելի վտանգավոր է, քան գեների կամ հասակի պատճառով ի հայտ եկած նույն այդ հիվանդությունները:
Բժիշկը մի քանի խորհուրդ է տալիս, որոնք կարող են Ձեր սիրտը ավելի առողջ դարձնել.
- Մի ծխեք
- Վերահսկեք խոլեստերինի մակարդակն արյան մեջ
- Վերահսկեք ճնշումը, այն չպետք է բարձր լինի
- Վերահսկեք քաշը, մի գիրացեք
- Մարզվեք՝ օրական գոնե 30 րոպե
- Ճիշտ սնվեք, օգտագործեք մրգեր, ընկուզեղեն եւ վիտամիններով ու օգտակար նյութերով հարուստ այլ սննդամթերքներ
- Խուսափեք աղի ու հարստացված ճարպերի չարաշահումից