Մինչև անգամ Աստված չի կարող հասկանալ, թե ինչ է կատարվում. Վ. Բոստանջյան
ЭкономикаԵրկուշաբթի՝ սեպտեմբերի 7-ին, Նովո-Օգարյովոյում Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Ս. Սարգսյանի և Վ. Պուտինի հանդիպման ժամանակ քննարկված հարցերի լայն շրջանակում էին նաև էներգետիկայի հատվածում համագործակցության խնդիրները:
Նույն օրը ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը ստորագրեցին հայ-ռուսական արձանագրություն, որի համաձայն՝ ՌԴ-ից Հայաստան մատակարարվող գազի գինը 100 խորանարդ մետրի դիմաց 189 դոլարից դարձավ 165 դոլար: Թեև գազի գնի նվազեցման «բարի լուրը» հասարակությունը գիտեր գրեթե 4 ամիս առաջ, սակայն, քանի որ ոլորտը շարունակում է հասարակության համար ոչ թափանցիկ կամ օրինակ՝ «անառիկ» մնալ, ուստի ոչ այն ժամանակ և ոչ էլ հիմա հնարավոր չէ հասկանալ, թե իրականում ինչպես է պատահում, որ վերջին 3 տարում արդեն երկրորդ անգամ ռուսական կողմը գազի գին է սահմանին նվազեցնում, իսկ Հայաստանում այն շարունակում է նույնը մնալ: Ավելին, խոսակցություններ կան, որ չի բացառվում, որ վերանայվի նաև հասարակությանը մատակարարվող գազի սակագինը բարձրացնելու հարցը:
Տնտեսագիտության դոկտոր Վարդան Բոստանջյանը Orer.am-ի հետ զրույցում նշեց, որ գազամատակարարման ոլորտում համակարգի արդիականացման և թանկացման խնդիր կա, ուստի 165 դոլարով գնվող և մոտ 400 դոլարով սպառողներին մատակարարվող գազի գնի տարբերությունն այն իրականացնելու միջոց է: Փաստորեն, «ավանդույթի» համաձայն՝ համակարգի արդիականացման, նորացման և մնացած բոլոր «… ացումներն» իրականացվելու են ազգաբնակչության հաշվին: Ու դեռևս պարզ էլ չէ, թե գազի գնի նախորդ էժանացումից հետո մինչ օրս որքան գումար է հավաքվել ժողովրդից և այն առհասարակ ծախսվե՞լ է համակարգի արդիականացման վրա, թե՞ ոչ: «Գոյություն չունի և երբեք չի ունեցել թափանցիկության այնպիսի մեխանիզմ, որ մենք հասկականք, թե այդ ոնց ստացվեց, որ 189 դոլարով գնված գազը մեզ վրա գրեթե 400 դոլար նստեց: Եվ հիմա այդ նույն պրոցեսը շարունակվում է՝ ի դեմս այդ 165 դոլարի: Ինչ ուզում եք այդ համակարգի անունը դրեք՝ արդիականացում, վերազինում և այլն, ստացվում է որ իրականացվելու է հասարակության հաշվին»,- ասում է Վ. Բոստանջյանը:
Տնտեսագետը, անդրադառնալով ԱԺ գազի գնի ուսումնասիրությամբ զբաղվող հանձնաժողովի աշխատանքներին, ասաց, որ մինչ այս պահը հանձնաժողովն ի շահ ժողովրդի որևէ տեղեկություն չի բարձրաձայնել, ընդհակառակը, իր հերթին փորձում է ցույց տալ, թե ոլորտն ինչ անմխիթար վիճակում է: «Դժվար վիճակները և խոչընդոտները հաղթահարելու համար, իհարկե, պետք է գումարներ ներդնել, բայց այդ ամենը պետք է իրականացնել բացարձակ թափանցիկության մթնոլորտում: Օրինակ՝ ինչպե՞ս հասկանալ կառավարությանը պատկանող սեփականության 20 տոկոսի օտարումը, Որոտանի օտարումը: Մեկ միլիարդանոց օբյեկտի օտարումը 180 միլիոնով, որն իբր թե ուղղվել է էլեկտրաէներգիայի թանկացման հետ ապված գումարի փոխհատուցմանը: Պրոցեսը շարունակվում է և նման իրավիճակում մինչև անգամ Աստված չի կարող հասկանալ, թե ինչ է կատարվում»,- ասում է Վարդան Բոստանջյանը:
Ստացվում է, որ իշխանությունների ջանքերն առավելապես ուղղված են, ինչպես Վ.Բոստանջյանն է ասում, «պրոցեսով» նախատեսված «ծրագրի» իրականացմանը և կատարելագործմանը՝ աչքաթող անելով ժողովրդի հանդեպ հաշվետվողականության պարտականությունը: Ամենայն հավանականությամբ, սա ևս նոր բողոքի ալիք կառաջացնի, քանի որ սոցիալականի «ռեզինը» էլ ձգվելու տեղ չունի ու հնարավոր է, որ այդ լարվածությանն էլ չդիմանա ու մի օր կտրվի: