Ունենք տնտեսական աճ, որը անհամաչափ է
ЭкономикаԵվ այսպես, հայտնի են այս տարվա 8 ամիսների տվյալները, որը ներկայացրել է ԱՎԾ: Հիմնվելով բացառապես այս ծառայության վիճակագրական տվյալների վրա, ունենք 3,9% տնտեսական ակտիվություն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Հիմնականում տնտեսական աճին նպաստել են երկու ճյուղերի՝ գյուղատնտեսության և հանքարդյունաբերության բարձր աճի հաշվին:
Տնտեսական աճը հավասարաչափ չի եղել, այսինքն չի ընդգրկել տնտեսության բոլոր ոլորտները: Տնտեսության մի շարք ոլորտներում գրանցվել է անկում, որը կրկին բնութագրում է աճի ոչ ամբողջականության և անհամաչափության մասին:
Գյուղատնտեսությունը գրանցել է 13,5% աճ: Հանքարդյունաբերության բարձր աճի (մոտ 35%, հունիս-հուլիս կտրվածքով) արդյունքում է, որ արդյունաբերությունը ապահովել է 4,4% աճ: Այսինքն, հայկական տնտեսությունը դեռևս կախված է բնակլիմայական պայմաններից (գյուղատնտեսություն), պղնձի և մոլիբդենի միջազգային գներից (հանքարդյունաբերություն):
Շինարարությունը ունի չնչին աճ՝ 0,2%, իսկ ծառայությունների ոլորտը գրանցել է՝ 2,2% աճ, որը հիմնականում պայմանավորված է եղել ֆինանսական և ապահովագրական գործունեության աճի, ինչպես նաև զվարճությունների և հանգստի ծառայությունների բարձր աճի հաշվին: Այստեղ, սակայն անկում է գրանցել տրանսպորտային ծառայությունները:
Ցավոք սրտի, տնտեսական աճի ոչ ամբողջականության մասին է խոսում նաև տնտեսական աճի զուգընթաց բնակչության տնօրինվող եկամուտների նվազումը, թեև գրանցվել է աշխատավարձերի աճ:
Ռուսական ռուբլու արժեզրկումը և Ռուսաստանից ուղարկվող տրանսֆերների անկումը բերեցին 2015 թվականի 8 ամսիներին բնակչության եկամուտների կտրուկ անկմանը, իսկ դա առևտրի շրջանառության ծավալների կրճատմանը (5,4%) հիմնական պատճառներից մեկն էր: Ունենք նաև ներմուծման ծավալների կրճատում, սա թեև անհանգստացնող ցուցանիշ է, որը խոսում է եկամուտների կրճատման, ինչպես նաև արտարժութային պաշարների կրճատման մասին, սակայն ունի իր դրական կողմը, որը դրսևորվում է այն բանում, որ թեև ՀՆԱ ծախսային մեթոդով հաշվարկի վերլուծության արդյունքում ունենք վերջնական սպառման, ինչպես նաև համախառն կուտակման, մասնավորապես ներդրումների ծավալների անկում, սակայն ներմուծման կրճատման (26,3%) և արտահանման (0.5%) աճի արդյունքում զգալիորեն նվազել է արտաքին առևտրի պակասուրդը:
Ցավոք սրտի, տնտեսական աճի ոչ ամբողջականության մասին է խոսում նաև տնտեսական աճի զուգընթաց զբաղվածության ցուցանիշների ցուցանիշները և արտագաղթի շարունակությունը:
Մեկ այլ խնդիր է, տարվա կտրվածքով տնտեսական աճին ոչ համահունչ արտադրանքի հարկերի (հանած սուբսիդիաներ) իրական արտահայտությամբ ցուցանիշների վարքագիծը (ցածր աճը կամ նվազումը), որը պայմանավորված է նրանով, որ տնտեսական աճին հիմնական նպաստող ճյուղերը հիմնականում անուղղակի հարկեր չեն վճարում, օրինակ հանքագործությունը և ֆինանսական գործունեությունը կամ ազատված են հարկերից, ինչպես օրինակ գյուղատնտեսությունը: Ինչպես նշեցինք, նվազել է նաև ներմուծումը, դրան համապատասխան հարկվող հարկերը:
Չնայած վերը նշված բացասական միտումներին, տնտեսությունը տարվա ընթացքում ցույց է տվել 3,9% տնտեսական աճ: Սակայն, ենթադրվում է այս ցուցանիշը անկման միտումները կունենա մինչև տարվա վերջ, պայմանավորված հենց թեկուզ գյուղատնտեսության աճի տեմպերի նվազմամբ, ինչպես նաև՝ ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների շարունակման պարագայում: