Հայ աստղերը ՝«Էրեբունի-Երևան» տոնակատարության վրա ծախսվող գումարը սահմանամերձ բնակավայրերին փոխանցելու մասին
ОбществоԵրգչուհի Քրիստինե Պեպելյանն անդրադառնալով «Էրեբունի-Երևան» տոնակատարության վրա ծախսվող գումարը սահմանամերձ բնակավայրերին փոխանցելու առաջարկ-նախաձեռնությանը, իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որով պաշտոնապես հայտարարել է, որ ինքը նույնպես կմասնակցի տոնակատարությանը, բայց համերգի իր ողջ հոնորարն իր միջոցների հաշվին կկրկնապատկի և կփոխանցի Բաղանիսի գյուղապետարան, դրանով իսկ ինչ որ չափով փարատելով սահմանամերձ գյուղի բնակիչների հոգսերը: Նա նաև կոչ է արել բոլոր գործընկերներին նմանօրինակ նախաձեռնությամբ հանդես գալ. «Դուք այսպես և՛ չեք «վիրավորի» ձեր մայրաքաղաքին, և՛ ինչ որ չափով կօգնեք մեր սահմանամերձ բնակիչներին»,- գրել է երգչուհին իր ֆեյսբուքյան էջում:
Երգչուհի Լեյլա Սարիբեկյանը Araratnews.am կայքին տված հարցազրույցում ասել էր, որ իրենց՝ երգիչներին շատ փոքր գումարներ են տալիս, բայց քանի որ Երևան քաղաքի տոնը համայն հայության մայրաքաղաքի տոնն է նաև ու իրենք ավելի շատ երգում են ժողովրդի համար: Նա նաև հավելել էր. «Սա մեր քաղաքի տոնն է, մեզ համար սրբություն է, աշխարհի հայության քաղաքի տոնն է: Ինչո՞ւ մենք պետք է միայն սգո օրեր ունենանք, թշնամուն էլ ուրախացնենք, որ սգո՞ւմ ենք»,- ասել է Լ. Սարիբեկյանը:
Երգիչ Արթուր Իսպիրյանը Orer.am-ի հետ զրույցում ասաց, որ չնայած ինքն այն երգիչն է, ով Երևանի մասին ամենաշատ երգերն է կատարել, բայց արդեն երկրորդ տարին է, որ իրեն չեն հրավիրում «Էրեբունի Երևան» տոնակատարության ժամանակ ելույթ ունենալու: Ինչ վերաբերում է քննարկվող թեմային, ապա իր համար ավելի ընդունելի է Քրիստինե Պեպելյանի առաջարկը: «Ես գիտեմ, որ այդ տոնակատարությունների վրա մեծ գումարներ են ծախսվում, որն ավելորդ է: Կարելի է մի քիչ ավելի համեստ նշել տոները, իսկ մնացած գումարներն ուղղել սահմանամերձ բնակավայրեր: Իսկ ես անձամբ սիրտ չունեմ ուրախանալու, որովհետև ամեն օր սահմանին զինվոր է մահանում»,- ասաց Ա. Իսպիրյանը:
Նա նաև նշեց, որ ավելի լավ կլինի նման դեպքերում առաջնորդվել ոչ թե երգիչ-երգչուհիների կարծիքներով, այլ՝ ժողովրդի, քանի որ կազմակերպվող տոնակատարությունը հենց ժողովրդի համար է: Ու եթե ժողովուրդը չի ուզում, որ նման տոն լինի, ապա պետք չէ այն կազմակերպել:
Այն հարցին, թե գուցե իրեն չեն հրավիրում այն պատճառով, որ շատ հոնորար է պահանջում կազմակերպիչներից, Ա. Իսպիրյանն ասաց. «Ես ընդհանրապես ոչ մի անգամ հոնորար չեմ վերցրել, բայց ինձ թվում է, որ միջոցառումների կազմակերպման աշխատանքներով երիտասարդներ են զբաղվում, որոնք երևի չեն ճանաչում կամ չգիտեն իմ մասին: Այնուամենայնիվ այդ տրամաբանությունը չեմ հասկանում: Կամ էլ չեն հրավիրում գուցե այն պատճառով, որ շատ եմ բողոքում քաղաքաշինությունից: Ամեն դեպքում կարծում եմ, որ պետք է ժողովուրդը որոշի, թե այդ օրը ուզում է երգել, պարել, թե՝ լուռ անցկացնել»,- ասաց Արթուր Իսպիրյանը:
Ա.Գ.