Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից գնված ալյուրում բլոճներ չեն եղել, բայց եղել են այլ խնդիրներ
ОбществоՕրերս մամուլում հրապարակված տեղեկության համաձայն՝ Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը հաստատել էր այն տեղեկությունը, որ ՍԱՊԾ պետի հրամանի համաձայն՝ «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետների Գայի պողոտա 16, Ռուբինյանց 15/5, Կոմիտասի 60/2 հասցեներում գործող մասնաճյուղերում նոյեմբերի 12-14-ին իրականացրել է դիտարկում և հսկիչ գնում՝ «Բաղրամյանի ալյուր» ապրանքանիշի որակական հատկանիշները ստուգելու նպատակով: Հսկիչ գնմամբ ձեռք բերված նմուշներն ուղարկվել են լաբորատորիա՝ փորձաքննության: Ի դեպ, նման ստուգում իրականացնելու պատճառ էր հանդիսացել «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի մասնաճյուղերից մեկից քաղաքացու կողմից գնված «Բաղրամյան ալյուր» ապրանքանիշի երկու պարկը, որոնց մեջ հայտնաբերել էր միջատներ՝ սև բլոճ և սպիտակ որդ:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը Orer.am-ին հայտնեց, որ ալյուրի լաբորատոր փորձաքննությունը ցույց է տվել, որ այն համապատասխանել է նորմատիվ տվյալներին, բայց մակնշման հետ կապված խնդիրներ եղել են. «Ալյուրի այն փաթեթները, որոնք ունեցել են մակնշման խախտում, հանձնարարվել է վաճառքից հանել»,- ասաց Ն.Առաքելյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ ստուգման ընթացակարգի համաձայն՝ ՍԱՊԾ հսկիչ գնում է իրականացնում և այն ներկայացնում է լաբորատոր ստուգման, և իրենց ծառայության կողմից գնված նմուշներում բլոճներ կամ որդեր չեն հայտնաբերվել: «Ինչ վերաբերում է ժամկետի մակնշմանը, ապա այն եղել է անընթեռնելի: Նույն սուպերմարկետների ցանցից այլ բողոքներ նույնպես եղել են՝ հավի թռչնամսի և աղցանների վերաբերյալ: Թռչնամսի լաբորատոր փորձաքննության արդյունքներն արդեն հրապարակվել են, իսկ աղցաններինը դեռ ընթացքի մեջ է»,- ասաց Ն. Առաքելյանը:
Հիշեցնենք, որ ՍԱՊԾ-ն նոյեմբերի 9-ին տեղեկություն էր տարածել, որ ահազանգի հիման վրա՝ («Սուր անկյուն» հաղորդաշարի հոկտեմբերի 18-ի թողարկում) դիտարկում և անասնահամաճարակային մշտադիտարկում է իրականացվել Երևան քաղաքի «Երևան Սիթի», «ՍԱՍ», «Պարմա», «Կրպակ», «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցի խանութներում, ինչպես նաև «Անդրե Րենթեր» ՍՊԸ-ի արտադրամասում՝ ստուգելու համար իրացվող թռչնամսի անվտանգության ցուցանիշները: Դիտարկման շրջանակներում ներմուծված և տեղական արտադրության թռչնամսի 21 նմուշ հանձնվել է լաբորատոր փորձաքննության: Համաձայն փորձաքննության արդյունքների՝ դրանցից վեցում հայտնաբերվել են խախտումներ. «Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ-ի արտադրության թարմ հավը (21.10.2015թ.), «Սարատովի թռչնաֆաբրիկա» ՍՊԸ-ի արտադրության սառեցված հավի բդիկը (ներմուծող «Ամսա Իմեքս» ՍՊԸ, 17.06.2015թ.) և «Կուռնիկով» ՍՊԸ-ի արտադրության սառեցված հավը (ներմուծող «Ամսա Իմեքս» ՍՊԸ, 14.07.2015թ.), «Անդրե Րենթեր» ՍՊԸ-ի արտադրության պաղեցված «Շուշի» հավը (19.10.2015թ.), «Ագրոթեքինվեստ» ՍՊԸ-ի արտադրության «Լուսակերտ» հավի թևը (14.10.2015թ.) մանրէաբանական ցուցանիշներով, «Տեղական» ՍՊԸ-ի արտադրության պաղեցված «Տեղական» հավը (21.10.2015թ.) մանրէաբանական և ախտածին սալմոնելա ցուցանիշներով չեն համապատասխանել սահմանված նորմերին ու պահանջներին, իսկ հակաբիոտիկներ չեն հայտաբերվել:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տարածած տեղեկության համաձայն՝ իրենց կողմից կասեցվել էր նշված խմբաքանակների իրացումը: Ծառայությունը շարունակում է ուսումնասիրությունները թռչնամսի իրացման շուկայում՝ հետագծելիության սկզբունքով դիտարկումներ իրականացնելով «Տեղական» ՍՊԸ-ում՝ պարզելու, թե որ փուլում է թռչնամիսը վարակվել սալմոնելայով: «Հայաստանի Հանրապետություն մինչև նոյեմբերի 1-ը ներմուծված թռչնամսի 365 խմբաքանակներից լաբորատոր փորձաքննության է ենթարկվել 228-ը, հուլիս ամսվանից սկսած՝ մինչև Հայաստանի Հանրապետության տարածք մտնելը նմուշառվում և փորձաքննության է ենթարկվում ներմուծվող թռչնամսի շուրջ 85 տոկոսը»,- հավելել էր նաև ՍԱՊԾ լրատվական ծառայությունը:
Ա. Գրիգորյան