Ինքնահոշոտում
АналитикаՀիմա, երբ իշխանությունը նշում է իր այսպես ասած հաղթանակը, պարզից էլ պարզ է, որ Հայաստանը մտավ մարգինալ վիճակի մի անորոշ, էլ առավել խորը ճգնաժամային փուլ: Ինչո՞վ է դա պայմանավորված: Մի շարք գործոններով: Իշխանությունը, եթե անգամ հաղթեց, ապա տարավ Պյուռոսյան հաղթանակ, դա պարզից էլ պարզ է, սակայն այստեղ էական է մի քանի կարևոր հանգամանք: Ս. Ս.-ի հայտնի արտահայտությունից հետո, թե Սահմանադրական փոփոխություններից հետո ինքը չի հավակնելու որևէ պաշտոնի, քննարկումներն ու խմբավորումների կազմավորումներն աշխուժացան հատկապես իշխանական կուլիսներում: Նրանք բոլորը կերան «պախանի կուտը», բայց, իզուր: Յուրաքանչյուր թև իշխանության մեջ, արդեն ուներ իր թեկնածուն՝ ապագա վարչապետի կամ եթե կուզեք՝ նախագահի մասով: Ինչ խոսք, նրանցից որևէ մեկի հաղթանակը կնշանակեր այնպիսի կոմբինացիաների խաղարկում, ինչպիսիք հնարավոր է պատկերացնել միջնադարյան Փարիզում՝ կուրտիզանուհի Տայվայի մասնակցությամբ կամ 19-րդ դարի Լոնդոնում՝ կոմսուհի Լիվենի կազմակերպմամբ: Կարծում եմ ակնարկս հասկացաք:
Բայց իր վերջին ասուլիսում, որտեղ Ս. Ս.-ն, խորը հոգոց հանելով, պնդում էր, թե իր ապագան մշուշոտ է, փաստացի, ստիպում էր գունազրկվել իր իսկ թիմին: Սա քայլ էր նաև ջախջախելու ընդդիմության վերջին մնացորդներն այս երկրում: Այն, որ այսօր ընդդիմադիր դաշտում միայն ՀԱԿ-ն է և մի քանի ազնիվ անահատ, դա էլ է պարզ: Այս հանգամանքը կարող ենք անգամ հասկանալ ոստիկանության գործողություններից, երբ օրինակ՝ Բաղրամյանը փակելու բեմականացմանը ինչպես են արձագանքում՝ թողնելով, որ այն օրերով փակ մնա, իսկ եթե ՀԱԿ-ից կամ այդ ազնիվ անհատներից որևէ մեկը փորձում է մի պաստառ անգամ փակցնել, անմիջապես բերման էին ենթարկում: Սա է ինձ համար չափիչը: Մնացածը, թե ով ինչ կասի, ինչպես կհոխորտա, արդեն լոլոների ժանրից է: Մենք տեսել ենք հոխորտացող գեղամյաններին, բաղդասարյաններին, սադոյաններին (ի դեպ, ազգային խամաճիկների թատրոնում մեկն արդեն հայտ է ներկայացնում ապագա Սադոյան դառնալու) և դաշնակցության բնորոշ լեզվով ասած՝ այլ չաթլախածին երևույթների:
Այս ամենով այլևս հայ հասարակությանը չես զարմացնի: Այստեղ իշխանությունն ունի խնդիր այլ ընդդիմություն ստեղծելու: Այդ ընդդիմության միակ խնդիրը պետք է լինի 2017-ի խորհրդարանական ընտրություններին օԲոզիցիայի իմիտացիա ստեղծելը, որը զսպաշապիկ կհանդիսանա նաև Ս. Ս.-ի թիմի համար: Ամենայն հավանականությամբ, շատերը, որոնք այս ընտրություններին պարզապես ծառայություն մատուցեցին Սարգսյանին, չեն էլ հայտնվի ապագա խորհրդարանում, իսկ դա նշանակում է, որ կուլիսային բախումներն ավելի քան տեսանելի կդառնան: Սարգսյանը կփորձի ամեն կերպ պահել իշխանությունը՝ վարչապետի, ազգային ժողովի, թե «Գենսեկի» պաշտոնում, դա այդքան էլ էական չէ, բայց մի բան կարող է նրան խանգարել: Նրա թիմում կան մարդիկ, ովքեր հոկտեմբեր 27 են մարսել և Սարգսյանից վատ չեն տիրապետում շախմատային կանոններին: Ի վերջո, նա կարող է դառնալ իր իսկ դավադրությունների զոհը, ինչպես եղավ ժամանակին մեկ այլ Սարգսյանի՝ Վազգենի պարագայում:
Այն, որ այս իշխանական ոհմակում փայլուն աշխատում են ոհմակի կանոնները, փաստ է: Իսկ հոշոտելու հիվանդ կճղակավորներ այլևս չեն մնացել: Ոհմակի անդամներն սկսելու են հոշոտել միմյանց: Դեկտեմբերի 6-ն ազդարարեց հենց այս ջրբաժանը: Մնում է միայն մի հանգամանք. ո՞վ կլինի զոհը իշխանական թիմից և, ի վերջո, ով կհաղթի այս արյունարբու պայքարում:
Վահրամ Թոքմաջյան
Orer.am, վերլուծաբան