Ռումինիայի և Մոլդովայի հայ գործարարները ցանկանում են ամրապնդել Հայաստանի հետ կապերը
ЭкономикаՌումինիայի Յաշ քաղաքում առաջին անգամ տեղի ունեցավ Ռումինիայի և Մոլդովայի հանրապետություննների գործարարների տնտեսական ֆորում, որը կազկակերպվել էր Ռումինիայի Հայոց միության, Մոլդովայի հայ համայնքի և Միքայել Նորատունկյան հաստատության համատեղ ջանքերով:
Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հա սարակայնության հետ կապի վարչությունից, որի հաղորդագրության մեջ նաև նշված է. «Ֆորումին բացման խոսքով հանդես եկան Յաշի պրեֆեկտ Մարիան Գրիգորաշը, Ռումինիայում և Մոլդովայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, Յաշի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Պաուլ Բուտնարիուն, Ռումինիայի Հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, Մոլդովայի հայ համայնքի նախագահ Արթուր Ավանյանը, «Միքայել Նորատունկյան հաստատության» նախագահ Ռադու Աունեանուն և Մոլդովայում ՀՀ պատվո հյուպատոս Թաթուլ Դավոյանը:
Այնուհետև երկու երկրների հայ, ռումինացի և մոլդավացի գործարարները ներկայացրեցին իրենց արտադրանքները և ծառայությունները, միմյանց շուկա մուտք գործելու հնարավորությունները՝ միաժամանակ ցանկություն հայտնելով ամրապնդելու Հայաստանի հետ գործարար կապերը: Այս առումով կարևորվեցին ինչպես եվրոպական ուղղությունը, այնպես էլ եվրասիական շուկայի հնարավորությունները: Ֆորումի մասնակիցները որոշեցին նման բնույթի միջոցառումները դարձնել պարբերական և հաջորդ ֆորումներին հրավիրել նաև հարևան երկրների հայ գործարարներին:
Ֆորումի շրջանակներում Վարուժան Ոսկանյանը և Արթուր Ավանյանը Համագործակցության հուշագիր ստորագրեցին Ռումինիայի Հայոց միության և Մոլդովայի հայ համայնքի միջև, որի հիմնական նպատակն է անհրաժեշտ պայմաններ ստեղծել և միմյանց աջակցել հայ համայնքների զարգացման, հայապահպանության տարբեր ծրագրերի իրականացման, ինչպես նաև առևտրատնտեսական կապերի խրախուսման ուղղությամբ:
Նույն օրը՝ առավոտյան, դեսպան Համլետ Գասպարյանը, ՌՀՄ նախագահ, սենատոր Վարուժան Ոսկանյանի ուղեկցությամբ, հանդիպեց Յաշի պրեֆեկտ Մարիան Գրիգորաշի և Յաշի քաղաքապետ Միհայ Կիրիկայի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Ռումինիայի միջև ապակենտրոնացած մակարդակով կապերի ընդլայնման հնարավորությունները` հաշվի առնելով արդեն ձևավորված փորձը և հայ համայնքի դերը»: